Կնոջը պարոնով եք դիմում, Ձեր նկատմամբ վստահություն չկա. «Սասնա ծռերի» գործով պաշտպանը՝ դատավորին

«Սասնա Ծռեր»-2-ի գործով՝ Արամ Մանուկյան և մյուսներ, այսօրվա դատական նիստում դատարանին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Պաշտպանը հայտնեց, որ դեռևս նախաքննությունից գործում ներգրավվել է որպես Թ.Թորոսյանի պաշտպան, ամբաստանյալն իրենից չի հրաժարվել, իրեն որպես ամբաստանյալի պաշտպան են ծանուցումներ ուղարկվում: Այսինքն՝ դատարանի մոտ որևէ կասկած չի եղել, որ ինքը հիշյալ ամբաստանյալի պաշտպանն է: Լ.Սիմոնյանը նշեց, որ ինքը գործով չորս նիստերից երեքին է ծանուցվել, ծանուցված նիստերին ինքը չի ներկայացել նախապես նշանակված այլ դատական նիստերի պատճառով, ինչի մասին ինքը նախապես գրավոր տեղեկացրել է դատարանին: Թեև պաշտպանի չներկայանալու և նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում նիստը պարտադիր ենթակա է հետաձգման, սակայն դատարանն իր՝ Լիպարիտ Սիմոնյանի, բացակայության պայմաններում շարունակել է դատավարական գործողություններ իրականացնել: Այսօր էլ մի շարք պաշտպաններ են բացակայում, սակայն դատարանը նրանց բացակայությամբ դատավարական գործողություններ է իրականացնում՝ օրենքը կամայականորեն փոփոխելով: Դատարանի ձևակերպմամբ՝ երբ պաշտպանը կգա, իր ներկայությամբ էլ դատավարական գործողություններ կիրականացնենք, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, դատարանը նույնպես կոպտորեն խախտում է օրենքը՝ համապատասխան դրույթը վերաբերվում է նոր ներգրավվող պաշտպանին, նորմը կիրառելի չէ արդեն ներգրավված պաշտպանի նկատմամբ: Փաստաբանը ուշադրություն հրավիրեց դատարանի՝ ինքն իրեն հակասելու վրա, մի կողմից նա ասում է, որ պաշտպանները դեռևս ներգրավված չեն, մյուս կողմից՝ չներգրավված պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա է կիրառում: Լ.Սիմոնյանը փաստեց, որ այսպիսով կոպտորեն խախտվում է պաշտպանական իրավունքը՝ խախտելով Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: