Հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացը

Հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացը

Նախորդ շաբաթավերջը Հայաստանում աչքի ընկավ հայ-ամերիկյան հարաբերության բավական ինտենսիվ շփումներով և դրսևորումներով: Միանգամից երեք ուղղությամբ Հայաստանն ու ԱՄՆ-ն ունեցան հետաքրքիր գործընթացներ: Հայաստանում էր Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, Հայաստան էր ժամանել ԱՄՆ առևտրի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը, և Հայաստանի խորհրդարանում նախագահի, փոխնախագահի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպեց ԱՄՆ դեսպանը: Փաստորեն, հայ-ամերիկյան հարաբերությունը նախորդ շաբաթավերջին զուգահեռ, այսպես ասած, սինքրոն զարգացում կամ դրսևորում ունեցավ անվտանգության, տնտեսության և քաղաքականության ոլորտում, այսինքն՝ միջազգային հարաբերությունների սպեկտորի երեք հիմնական ուղղություններում: Սակայն այդ ամենով հանդերձ՝ ծագում է պարզ մի հարց՝ իսկ ո՞րն է արդյունքը, կա՞ այն, ե՞րբ և ինչպե՞ս այդ հարաբերության արդյունքը կտեսնի, կշոշափի Հայաստանի քաղաքացին, բայց ոչ՝ այս կամ այն ծրագրի, թրեյնինգի, սեմինարի կամ մրցույթի տեսքով, այլ պարզապես պետական ընթացքի, ընդհանրապես կենսակերպի, համակարգային և ինստիտուցիոնալ զարգացման: Ինչո՞ւ համար է այդ ամենը կարևոր, որովհետև ԱՄՆ-ը համակարգային, ինստիտուցիոնալ պետականության անվիճելի առաջատարն է, և այդ իմաստով ամերիկյան փորձը Հայաստանի համար անգնահատելի օժանդակություն է: Բայց երկու տասնամյակից ավելի, քառորդ դար ինտենսիվ շփումների, ավելի քան 2 միլիարդ դոլարի միայն նվիրատվության և տարատեսակ այլ ֆինանսատեխնիկական և քաղաքական օժանդակությունների պարագայում հայ-ամերիկյան հարաբերությունն ինքը չի ստացել ինստիտուցիոնալ համակարգային բնույթ և գտնվում է, այսպես ասած, լոկալ ծրագրային մակարդակի, լոկալ խմբային հարթությունների վրա: Ավելին՝ նույնիսկ հնարավոր է կասկածել անգամ լոկալ խմբերի արդյունավետության, օգտակար գործողության գործակցին, քանի որ այդ խմբերում ներգրավված շատերի համար հայ-ամերիկյան հարաբերություն ինքնին՝ որպես Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման խորքային, հիմնարար, ռազմավարական պահանջարկ, գոյություն չունի, և կա ընդամենը որոշակի կորպորատիվ հետաքրքրություն՝ ըստ իրավիճակի: Գործնականում սա հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացն է՝ հարաբերությունների հետագա խորացման գործընթացում ինստիտուցիոնալության, ցանցային բնույթի բացակայությունը, ինչն էապես ազդում է արդյունքների թե՛ ծավալային, թե՛ հեռանկարային արդյունավետության վրա և հարաբերությունն իր ընդհանուր ծավալով դարձնում գործնականում քիչ մրցակցային՝ բերելով նրան, որ իր որակական, արժեհամակարգային, քաղաքակրթական հատկանիշներով լինելով անհամեմատ ավելի բարձր, Հայաստանի պետական շահին և անվտանգությանը խորապես ավելի համահունչ, այդուհանդերձ՝ համեմատության մեջ այդ հարաբերությունը տանուլ է տալիս հայ-ռուսական անգամ բուտաֆորիկ հարաբերությանը: Դրան զուգահեռ, ըստ ամենայնի, ամերիկյան կողմի համար այդ առումով առանցքայինը շփումները պահելն է, քանի որ խորքային առումով Նահանգները ներկայումս Հայաստանում չի տեսնում ինստիտուցիոնալ, ցանցային հարաբերության ձևավորման կայուն և վստահելի, կենսունակ գործընկերային ներուժ և առավել խորքային արդյունքի հեռանկարը դիտարկում է արդեն Նահանգներ-Ռուսաստան հարաբերության ընթացքի ու ելքի պրիզմայով: