Իգնատի Առաքելյանը նկարել է նույն թվերը, ինչ իր նախորդներ՝ Դավիթ Լոքյանը կամ Սերգո Կարապետյանը

Իգնատի Առաքելյանը նկարել է նույն թվերը, ինչ իր նախորդներ՝ Դավիթ Լոքյանը կամ Սերգո Կարապետյանը

Ավարտվել է Հայաստանի գյուղատնտեսության համար բրենդային նշանակության ապրանքատեսակներից մեկի՝ ծիրանի բերքահավաքը, սակայն նախարարությունում համառորեն հրաժարվում են նշել ստացված բերքի քանակը, խուսափելով դրա վերաբերյալ անգամ գրավոր հարցումներին պատասխանել: Մինչդեռ, մինչև անցած տարի, անկախ նրանից, որ ստացված բերքի կրկնակի-եռակի ուռճացված ցուցանիշներ էին ներկայացնում, այդուհանդերձ կայուն պարբերականությամբ հրապարակվում էր արտադրված, արտահանված, մթերված բերքի քանակները: Փոխնախարարը հրապարակել է ծիրանի արտահանման ու մթերման քանակներին վերաբերող թվեր, բայց հերթական անգամ «մոռացել է» նշել արտադրված քանակների մասին: Մինչդեռ, այդ դեպքում միայն հնարավոր կլիներ հասկանալի պատկեր ստանալ՝ պարզել, թե արտադրված ամբողջ քանակությունն ինչպես է տնօրինվել: Համաձայն մարզպետարանների պատասխանատու պաշտոնյաների տրամադրած տվյալների՝ այս տարի Արմավիրի մարզում արտադրվել է 25, Արարատում՝ 23 և Արագածոտնում 13 հազար տոննա ծիրան: Ավելի քան 4 հազար տոննա էլ արտադրվել է մնացած մարզերում միասին: Ստացվում է, որ հանրապետությունում արտադրվել է ավելի քան 64 հազար տոննա ծիրան (ընդ որում՝ Արագածոտնի մարզի ծիրանը բազմիցս ենթարկվելով կարկտահարության,    անպիտան  է դարձել շուկայի համար): Այսքան բերքից, համաձայն նախարարության, արդեն 26 հազար տոննան արտահանվել է, որոշ քանակություն էլ դեռ սառնարաններում է և պետք է արտահանվի: Փոխնախարար Ռոբերտ Մակարյանն անհասկանալիորեն նշել է, որ վերջին 7 տարիներին արտահանման  նման ցուցանիշ չի արձանագրվել: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենամեծ քանակությամբ ծիրան արտահանվել է 2013թ.-ին՝ 23240 տոննա: Այնպես որ, եթե թվերը ճիշտ են, ապա ծիրանի արտահանման ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել: Բայց 26 հազար տոննա արտահանվել է, 7.3 հազար մթերվել է և 12 հազար տոննա սպառվել է թարմ վիճակում (համաձայն ԱՎԾ-ի՝ ամռանը մեկ անձի կողմից  ամսական օգտագործվում է 3-4 կգ պտուղ ու հատապտուղ միասին վերցրած և հաշվում ենք, որ ՀՀ  3 մլն բնակիչներից յուրաքանչյուրն  ամբողջ ամսվա ընթացքում կերել է մեկ անուն միրգ՝ ծիրան, յուրաքանչյուրը 4 կգ), ապա ունենում ենք իրացված 45 հազար տոննա: Այդ դեպքում ո՞ւր է կորել 19 հազար տոննա ծիրանը: Մինչև կորուստը գտնելը բերենք մի քանի փաստեր ևս. Արարատի և Արմավիրի մարզերում արտադրվել է  48 հազար տոննա ծիրան: Այդ մարզերում արտադրվածի  գրեթե 55%-ն արդեն իսկ արտահանվել է, որոշ քանակություն էլ սառնարաններում է: Քանի որ, համաձայն մասնագետների՝ արտադրված ծիրանի 40-50%-ն է համեմատաբար բարձրորակ, կհետևի, որ ամբողջ որակյալ ծիրանն ու մասսամբ անորակն արտահանվել է և ներքին շուկայում թարմ վիճակում իրացվել է միայն ցածրորակ ծիրան: Իրականում  այդպես չէր: Մյուս կողմից. մինչև 2016թ. հանրապետությունում 2 հազար հա-ով ավելի ծիրանի այգի էր ցույց տրվում: 2014-2016թթ. կատարված գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքում պարզվել է, որ ծիրանի տարածքները 7.6 հազար հա են, ևս 800 հա հաշվարկվել է տնամերձ հողամասերում: Դրանից  շուրջ 2.5 հազար հեկտար Արարատի մարզում է եղել, պակաս քան 3.2 հազարը Արմավիրում, քիչ ավելի քան հազար հա Արագածոտնում և 0.46 հազար հա Վայոց ձորում: Եվ չնայած այն հանգամանքին, որ մասնագետների գնահատմամբ, ձմեռային սաստիկ ցրտերի հետևանքով պտղատուների բերքատվությունը էապես նվազել է, ստացվում է, որ Արարատում մեկ հա-ի միջին բերքը կազմել է 10 տոննա: Արմավիրում՝ մոտ 9 տոննա: Այսինքն՝ այնքան, որքան «նկարվում» էր Դավիթ Լոքյանի կամ Սերգո Կարապետյանի նախարարության ժամանակ: Մասնագետների պնդմամբ՝ Արարատի մարզում ստացվել է 15-16 հազար տոննա բերք, քիչ ավելի էլ Արմավիրում: Այդ դեպքում արդեն որոշակի հավասարակշիռ վիճակ է ստացվում և  պարզվում է, որ 19 հազար տոննան ոչ մի տեղ էլ չի կորել, այն պարզապես չի եղել, չի արտադրվել: Ցավոք, ծիրանային այս գլուխկոտրուկը այդքանով չի ավարտվում: Մեր ոչ պաշտոնական հարցումներից պարզվեց, որ  հանրապետության երեք ամենախոշոր արտահանողները միասին այս տարի արտահանել են պակաս քան 5 հազար տոննա ծիրան: Այդ դեպքում ովքեր են մնացած 21 հազար տոննայի արտահանողները: Նախարարությունը ոչ մի ընկերության անուն, առավել ևս արտահանման քանակություն չի նշում (հավանաբար կպատճառաբանեն բիզնես գաղտնիքով): Մյուս կողմից, ամենապարզ տրամաբանությամբ, հունիսի 18-19-ից մինչև հուլիսի 13-14-ը տևած բերքահավաքի ընթացքում օրական միջին հաշվով հազար տոննա, 52-53 ֆուր  ծիրան է արտահանվել Հայաստանից, ինչը քիչ հավանական է: Հայաստանում եղած ընդամենը 250-270 ֆուր մեքենաները կբավարարեին ընդամենը 3-4 օր և ոչ մի դեպքում ամբողջական շրջապտույտ ապահովել չէին կարող: Մի անգամ չի, որ Հայաստանի և ՌԴ-ի վիճակագրական տվյալները չեն համապատասխանել: Համաձայն ԱՎԾ-ի՝ տարեցտարի Հայաստանից ծիրանի արտահանման ծավալներն աճում են, մինչդեռ ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության» կազմակերպության կողմից ներկայացվող տվյալներով՝ բոլորովին այլ պատկեր է ստացվում: ՀՀ ԱՎԾ-ն էլ հրապարակում է տվյալներ և որոշ ժամանակ անց սկսում խմբագրել դրանց էլեկտրոնային տարբերակը: Այնպես որ, ոչ մի կասկած, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը սկսել է ակտիվորեն օգտվել Ստեփան Մնացականյանի նկարչական ծառայություններից: Ծիրանի և խաղողի պարագայում դրանք կարող են շատ օգտակար լինել: Այդ պատճառով էլ այս փուլում չեն հրապարակում, որպեսզի տարեվերջին, ելնելով իրավիճակից, ներկայացնեն անհրաժեշտ թիվը: Սա է նախարարության «լռության» իմաստը: