Ինչու Մխիթարյանը չփայլեց Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի կողքին

«Բարսելոնայի» հետ մրցավեճով «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց ամերիկյան շրջագայությունը: «Յունայթեդը» զիջեց «Բարսելոնային», զիջեց ոչ միայն հաշվով, այլև խաղային գրեթե բոլոր գործոններով: Ֆուտբոլային այս ներկայացման գլխավոր դերերում էին Մեսսին, Նեյմարը և Սուարեսը, որոնց գործողությունները հիացմունք պարգևեցին միլիոնավոր երկրպագուների: Հատկապես հայ ֆուտբոլասերները հույս ունեին, որ աստղային այս խաղում կփայլի նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով անգլիական ակումբի առաջատարներից մեկն է: Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ ըստ էության աչքի չընկավ՝ չնայած կատարեց մեծ ծավալի աշխատանք: Ըստ էության «Յունայթեդի» կիսապաշտպաններից և հարձակվողներից ոչ ոք աչքի չընկավ: Դարպասը գրավելու իրական հնարավորություն ուներ թերևս Մարկուս Ռեշֆորդը, ով մի քանի մետրից հարվածեց դարպասապահի վրա: Որոշակի վերապահումով կարելի է առանձնացնել Պոգբային, ով փորձում էր եղանակ ստեղծել՝ ապավինելով անհատական վարպետությանը: Վստահաբար կարող ենք ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Բարսելոնայի» դեմ մրցավեճում լավագույնը դարպասապահ Դե Խեան էր, ով առաջին կեսում ուղղակի թույլ չտվեց, որ իսպանական թիմը 3-4 գոլ խփեր: Թե՛ կազմով և թե՛ խաղի որակով «Յունայթեդը» մեկ քայլ ետ է «Բարսելոնայից»: Սա փաստ է: Ավելին՝ «Բարսելոնան» ոչ պաշտոնական խաղերում, նույնիսկ ուժեղ մրցակիցների դեմ խաղում է երկրպագուի համար: Վստահ ենք, որ մարզադաշտ եկած երկրպագուներն ուղղակի էսթետիկական հաճույք են ստացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների խաղից: Ժոզե Մոուրինյոյի թիմն այսօր չի կարող իրեն թույլ տալ «Բարսելոնայի» կամ «Ռեալի» պես թիմերի դեմ խաղալ հանդիսականի համար: Չի կարող, քանզի ամենայն հավանականությամբ կձախողվի, իսկ հանուն գեղեցիկ ֆուտբոլի պարտություն կրելը, կարծում ենք, ոչ միանշանակ արձագանք կստանա: International Champions Cup ոչ պաշտոնական մրցաշարում նախորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցել էր «Ռեալի» հետ: Այո, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց այս խաղում, բայց ասել, որ անգլիական թիմի խաղացողները հիացմունք պատճառեցին անհատական գործողություններով, կարծում ենք՝ չի կարելի: Թե Մխիթարայնը, թե Պոգբան, թե Լուկակուն թեև մեծ վարպետներ են, այդուհանդերձ՝ «Բարսելոնայի» դեմ, որտեղ խաղում են վերը թվարկված վառ անհատականությունները, այսօր ուղղակի չեն կարող փայլել: «Հանդիպումն անցավ հիանալի մթնոլորտում: Այս փաստը շատ կարևոր է ոչ պաշտոնական, մրցաշրջանի նախապատրաստական հանդիպումների ժամանակ: Արձանագրվեց 1:0 հաշիվ, սակայն խաղը կարող էր բոլորովին այլ ելք ունենալ, քանի որ թիմերը ստեղծեցին շատ գոլային պահեր: Առաջին կեսը կարող էր ավարտվել 1:1, 2:2, 2:0, նույնիսկ 4:0 հաշվով: Երկրպագուները ցանկանում են բավականություն ստանալ իրենց սիրելի ֆուտբոլիստների գործողություններից: Դժգոհ եմ մեր խաղից պաշտպանությունում: Միակ գոլը խփվեց Վալենսիայի մանկական սխալի հետևանքով: Այդուհանդերձ, այս փուլում արդյունքն այնքան էլ կարևոր չէ: «Բարսելոնան» ունի Մեսսի, Նեյմար, կան նաև Պիկե, Սուարես, Ինյեստա, իսկ «Ռեալը»՝ Ռոնալդու, Բեյլ, Կրոս: Այդպիսի մակարդակի թիմերի դեմ խաղում քիչ բան կարող ես անել: Կարելի է միայն փորձել նրանց դիմակայել տակտիկայի շնորհիվ: Ֆուտբոլում դա հնարավոր է, սակայն այն, ինչ նրանք անում են գնդակի հետ, դա աներևակայելի է: Նշեմ նաև, որ շատ կարևոր էր պարտությունը նախապատրաստական փուլում: Պարտվել ոչ ոքի չի սիրում, բայց կարծում եմ՝ այն դրական ազդեցություն կունենա: Կարծում եմ նաև՝ շատ ավելի վատ կլիներ, եթե այս փուլի բոլոր հանդիպումներում հաղթեինք: Նման մակարդակի թիմերի հետ խաղերում չի կարելի շարունակ հաղթանակի հասնել»,- խաղից հետո հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինիս այս հայտարարությունը կրկին անգամ խոսում է այն մասին, որ անգլիական ակումբը այս պահին որոշակիորեն ետ է մնում ֆուտբոլային էլիտայից: Ինչևէ, ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացնելով 5 հանդիպում՝ 4 հաղթանակ է տարել, ինչը, կարծում ենք, բարձր արդյունք է: Նախապատրաստական այս փուլում կարելի է բարձր գնահատական տալ Հենրիխ Մխիթարյանին, ով արդյունավետ և տպավորիչ խաղ ցուցադրեց: Հաջորդ ընկերական հանդիպումը «Յունայթեդը» կանցկացնի արդեն Նորվեգիայում՝ հուլիսի 30-ին մրցելով «Վալերենգայի» հետ: