Սամվել Ալեքսանյանը վերադառնում է իր «աշխատանքային ակունքներին»՝ տեքստիլի մոնոպոլիա է ձևավորում. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանը վերադառնում է իր «աշխատանքային ակունքներին»՝ տեքստիլի մոնոպոլիա է ձևավորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլ և տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխատանքներ են ընթանում: Ֆաբրիկան արտադրելու է տնային տեքստիլ և կտորեղեն: Մեզ հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատեսված է մինչև տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, որոնք արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 մլն եվրո է ներդրվելու: Նշենք նաև, որ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնած «ALEX textile» ընկերությունն արդեն օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սվիտերի արտադրություն: Այդ նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 մլն եվրո: Տիրկոտաժի և տեքստիլի հումքն օլիգարխն առայժ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, իսկ ՀՀ-ում արտադրված տեքստիլի ծավալի մի մասը, ինչպես պարզեցինք, արտահանվում է հիմնականում ՌԴ: Ալեքսանյա­նը ՀՀ-ում սկսելու է նաև կտորի մեծ արտադրություն, որն ունե­նալու է օրական 15 տոննա ար­տադրողականություն, և այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոպոլիա է ձևավորում ոչ մի­այն շաքարավազի և մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաև՝ տեքստիլի: Նշենք, որ պատգամավորին պատկա­նող ընկերության արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական և չինական արտադրանքը, որը նախկինում գերակշռող դիրք ուներ: Պատգամավորը, փաստորեն, վերադառնում է «աշխատանքային ակունքներին»: Չէ՞ որ նա մինչ քաղաքականություն մտնելը նախկինում աշխատել է տրիկոտաժի արտադրությունում և հենց այդ շրջանում էլ վաստակել է իր հանրահայտ մականունը:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: