Ադրբեջանի սեփականատիրական զգացումը վիրավորված է. Օգոստոսի 31-ին  Գուգուշը Երևանում համերգ է տալու. «Փաստ»

Ադրբեջանի սեփականատիրական զգացումը վիրավորված է. Օգոստոսի 31-ին Գուգուշը Երևանում համերգ է տալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram/ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31-ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011-ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն՝ իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել: Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա և հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին, այնուամենայնիվ, իրենցն է և չի կարող Հայաստանում համերգ տալ: Ի դեպ, 2000 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո սա Գուգուշի առաջին համերգն է նախկին ԽՍՀՄ–ի տարածքում: Հայաստանից հետո, սեպտեմբերի 3–ին երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանի մայրաքաղաքում: Տեղեկացնենք նաև, որ բացի մշակութային իրադարձությունից Գուգուշի Հայաստան այցը ամենայն հավանականությամբ կդառնա համաշխարհային մամուլի կողմից ամենալուսաբանվածներից մեկը, քանի, որ նա իրոք բազմաշերտ և ինքնատիպ անհատականություն է և այս գործոնը թե՛ քաղաքական և թե՛ այլ նկատառումներից ելնելով չի կարելի անտեսել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: