«Ռուսաստանն իր պոռնկությունն է անում, մենք էլ հայտարարում ենք՝ պոռնիկ ենք ու ինչ-որ մեկը մեզնից օգտվելու է»

«Այն, ինչ որ Ռուսաստանն է անում, դա ուղղակի ակնհայտ սրիկայություն է, բայց խնդիրն այստեղ այլ է. մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, ու իքս երկիրը զենք է վաճառում մեր հակառակորդին, և մեր  հասարակությունը դրա նկատմամբ բավականին անտարբեր է, իսկ Ռուսաստանի դեպքում՝ ավելի քան անտարբեր ենք, որովհետև միևնույն ժամանակ մեր բնակչության զգալի մասի հույսը  շարունակում է մնալ Ռուսաստանը, այսինքն՝ սահմանի վրա գտնվող իրենց երեխաներին սպանում են  ռուսական զենքով, բայց նա էլի շարունակում է իր փրկությունը տեսնել Ռուսաստանի մեջ։ Սա խոսում է նրա մասին, որ մեր մոտ գրեթե իսպառ բացակայում է քաղաքացի հասկացողությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ խոսելով օրերս Ադրբեջան հասած ռուսական  սպառազինության հերթական խմբաքանակի մասին։ Կարեն Վարդանյանի խոսքերով՝ ունենք այս հասարակությանը համապատասխան  իշխանություններ, որը, ըստ նրա, իր հասարակությունից չի տարբերվում ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ էմոցիոնալ, ո՛չ էլ արժեքային համակարգով, այսինքն՝ երկու նույն զանգվածներն են ՝ նվիրված փողին։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների  ներկայացուցիչների  բազմիցս հնչեցրած  այն հայտարարություններին, որ  եթե ոչ Ռուսաստանը, ապա  այլ պետություններ՝  Իսրայելը, Պակիստանը, միևնույն է, Ադրբեջանին  զենք են վաճառելու, Կարեն Վարդանյանը պատասխանեց այսպես․ «Դա նույնն է, ինչ մենք ասենք՝ մենք պոռնիկ ենք ու մեկ ա՝ ինչ-որ մեկը մեզնից օգտվելու է, դա բարոյական ամենախոր փոսի մեջ գտնվող մարդկանց կամ որևէ պաշտոնյայի պատկերացումն է, այսինքն՝ փողոցայինի հոգեբանությամբ մարդու մոտեցում, որի արժեքը միայն փողն է ու դիտարկում է դա միայն փողի տեսանկյունից, այսինքն՝ դրանք բարոյապես ընկած մարդիկ են, երկրի համար որևէ արժեք չներկայացնող։ Ռուսաստանն էլ իր հերթին է իր պոռնկությունն անում, այսինքն, ըստ էության, գցում է ընկերոջը, որի դեմ մենք չենք ընդվզում»։ Անդրադառնալով նաև օրերս Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանի կողմից  տարածված այն տեղեկատվությանը, որ Արցախի իշխանությունների ծառայողական մեքենաների  համար հատկացվել է 350․000 ԱՄՆ դոլար, ԻՏՁՄ գործադիր տնօրենը շեշտեց, որ այն մարդիկ, ովքեր նման ծախսերի որոշումներ են ընդունում, նրանք ակնհայտ ցույց են տալիս, որ իրենք պետական գործիչներ չեն, այլ սովորական չինովնիկներ, որոնց համար ամենակարևորը միայն փողն  է ու իմիջը։ «Այսինքն՝ նրանք արժեքային համակարգից զուրկ մարդիկ են։ Դա կոռուպցիա չի, այլ անասունություն է, ուղղակի հիմարություն»,- նշեց  նա։   Մանրամասները՝ տեսանյութում։