Ինչու Վահան Բիչախչյանը պայմանագիր չկնքեց «Բենֆիկայի» հետ…

Ինչու Վահան Բիչախչյանը պայմանագիր չկնքեց «Բենֆիկայի» հետ…

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի դժգույն առաջնությունում կար թերևս մեկ լուսավոր կողմ: Խոսքը Գյումրիի «Շիրակի» 18-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանի մասին էր, ով նախօրեին 5 տարվա պայմանագիր կնքեց Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» հետ: Շնորհիվ Բիչախչյանի հազարավոր ֆուտբոլասերներ, թեկուզ լրատվական կայքերի միջոցով, այդուհանդերձ՝ ուշադրություն էին դարձնում խայտառակ որակի հանդիպումներին: Բիչախչյանի շնորհիվ այդ խայտառակ հանդիպումներին ուշադրություն էին դարձնում նաև ֆուտբոլային գործակալները, որոնք, այսպես ասած, ձեռքի հետ հետևում էին նաև այլ ֆուտբոլիստների: «Շիրակի» կազմում Բիչախչյանի խփած գոլերով հիանում էինք և անհամբեր սպասում, որ տաղանդավոր այս ֆուտբոլիստը կհամալրի եվրոպական որևէ բարձրակարգ ակումբի շարքերը: Որոշ ֆուտբոլասերներ այսօր հիասթափված են, որ Բիչախչյանը պայմանագիր կնքեց ոչ թե «Ֆիրորենտինայի», «Բենֆիկայի» կամ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, այլ «Ժիլինայի» հետ, որը այնքան էլ հայտնի թիմ չէ Եվրոպայում և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության երկրորդ փուլից հրաժեշտ է տվել պայքարին: Ինչ խոսք, ցանկալի կլիներ, որ երիտասարդ ֆուտբոլիստին տեսնեինք «Բենֆիկայում» և հիանայինք նրա խաղով: «Բենֆիկայի» հետ պայմանագիր կնքելը, սակայն, չէր նշանակի, որ Բիչախչյանը պետք է խաղար այս թիմում: Նույնը կարելի է ասել «Զենիթի» կամ «Լոկոմոտիվի» մասին: Բիչախչյանին այսօր հարկավոր է խաղալ և դրսևորվել: Կարծում ենք՝ «Ժիլինան» լավ տարբերակ է մեր ֆուտբոլիստի համար որակական աճ գրանցելու նպատակով: «Ժիլինայում» Բիչախչյանը խաղալու է: Խաղալու է Սլովակիայի առաջնությունում, որը Հայաստանի առաջնության հետ նույնիսկ չես էլ համեմատի: Որպես օրինակ բերենք Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման առաջին փուլի Բրատիսլավայի «Սլովանի» և Երևանի «Փյունիկի» միջև հանդիպումը: Երկու հանդիպումների արդյունքում «Սլովանը» 9:1 հաշվով նվաստացրեց «Փյունիկին»: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ «Ժիլինայի»՝ Բիչախչյանին ձեռք բերելու գլխավոր նպատակներից է հայ ֆուտբոլիստին մոտ ապագայում բարձրակագ ակումբի պատկառելի գնով վերավաճառելը: «Վահանը դառնում է «Ժիլինայի» ֆուտբոլիստ: «Շիրակը» պահպանում է հետագա տրանսֆերից տոկոս: «Ժիլինայից» շատ են տեղափոխվում եվրոպական ակումբներ: Ցավոք, Հայաստանի առաջնությունը եվրոպական ակումբներին այդքան էլ հետաքրքիր չէ»,- news.am-ին տված հարցազրույցում ասել էր «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը: Այս հայտարարությունը ևս խոսում է այն մասին, որ Բիչախչյանին «Ժիլինային» տրամադրելը թե՛ մարզական և թե՛ կոմերցիոն տեսանկյունից ֆունդամենտալ քայլ էր: Կարծում ենք՝ Սլովակիայի առաջնությունում մեկ-երկու մրցաշրջան խաղալով՝ կունենանք բոլորովին այլ մակարդակի Բիչախչյան, ով պատրաստ կլինի խաղալու նույն «Բենֆիկայի» կամ եվրոպական որևէ այլ թիմի հիմնական կազմում: Այս պահին հայտնվելով «Բենֆիկայում»՝ հայ ֆուտբոլիստը համալրելու էր ակումբի երիտասարդական կամ երկրորդ թիմի շարքերը: Պետք է ընդունենք, որ «Բենֆիկայի» պես ակումբի երիտասարդական թիմում «Բիչախչյանի» նման տաղանդավոր տղաները քիչ չեն, ուստի մրցակցությունը բավական մեծ է հիմնական թիմում տեղ ունենալու համար: Այսօր մատների վրա կարելի է հաշվել 18 տարեկան այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են եվրոպական բարձրակարգ թիմերի հիմնական կազմում: Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների առաջնությունների որակի առումով կտրուկ տեղափոխությունը ոչ միշտ է ցանկալի արդյունք տալիս: Հիշենք Էդգար Մանուչարյանին, ով ժամանակին «Փյունիկից» տեղափոխվեց «Այաքս» և անմիջապես ծանր վնասվածք ստացավ՝ չկարողանալով տեղ գտնել հոլանդական թիմի հիմնական կազում: Հնարավոր է շատերը չհամաձայնեն, բայց Բիչախչյանի «Ժիլինա» տեղափոխվելը թե՛ «Շիրակ» ակումբի և թե՛ ֆուտբոլիստի գործակալի կողմից մտածված և հեռանկարային քայլ է: Կարծում ենք՝ այս պահին պատեհ չէր լինի հայ ֆուտբոլիստին նույն «Բենֆիկա» կամ այս մակարդակի այլ թիմ ուղարկելը: Դա կարող էր նեգատիվ ազդեցություն ունենալ տաղանդավոր ֆուտբոլիստի կարիերայի վրա: Թե՛ «Ժիլինան» և թե՛ «Շիրակը» չեն հրապարակում Բիչախչյանի տեղափոխության գործարքի գինը: Ըստ հեղինակավոր «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Բիչախչյանի տրանսֆերային արժեքը 250 հազար եվրո է: