«ԱԶԲ-ին վճարած տուգանքները փաստում են, որ «Հյուսիս-Հարավ»-ի վարկային միջոցներն արդյունավետ չեն ծախսվել»

«Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) վարկային ռեսուրսների տնօրինման հետ կապված Հայաստանը հավելյալ վճարումներ է արել, այսինքն՝ տույժ-տուգանքներ է վճարել, ինչը մեզ թույլ չի տալիս պնդել, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի վրա ծախսված վարկային միջոցներն արդյունավետ կերպով են ծախսվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նախարարն օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը կասկածներ չունի, որ այդ ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցներն արդյունավետ կերպով են ծախսվում։ Այս համատեքստում Արտակ Մանուկյանը նաև նկատում է, որ թեև պետգնումների պարագայում որոշակիորեն բարձրացել է թափանցիկությունը, և այս ասպարեզում Վերահսկիչ պալատն ավելի քիչ խախտումների մասին է բարձրաձայնում, սակայն դա չի նշանակում, որ ճանապարհի կառուցման հետ կապված խնդիրները միանգամայն վերացել են։ Որպես օրինակ հետևյալ խնդիրն է մատնանշում․ «Մենք հիմա կառուցում ենք իր տեսակի մեջ առաջին բետոնապատ ճանապարհը, որը իր որակական պարամետրերով նախադեպը չունի, բայց հարց է ծագում՝ արդյո՞ք մեր բոլոր մատակարարները, որոնք հաղթում են պետգնումների մրցույթները և սպասարկում են, ունեն նման կարողություններ պահպանելու այս ճանապարհը և արդյո՞ք չի լինի դեպք, երբ մենք ունենանք ավելի բարձր որակական պահանջներ կամ շահագործման պայմաններ ենթադրող ենթակառուցվածք, բայց դա շահագործենք նույն ստանդարտ ձևաչափերով, որի պարագայում մաշվելու գործընթացն ավելի ենք արագացնելու։ Սրանք այնպիսի հարցեր են, որոնք ապագայում ծագելու են և պատկան մարմինները սրանց ևս պետք է մեծ ուշադրություն դարձնեն և իրենց ռազմավարության մեջ հաշվի առնեն»։ «Հյուսիս-Հարավ» ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է 1․2-ից 1․5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ իրականացման ժամկետը՝ 2009-2019թթ.: Հարցին՝ արդյո՞ք նշված վերջնաժամկետում ի վերջո ամբողջապես կառուցված կլինի այդ ճանապարհը և որ ամենակարևորն է՝ պատշաճ որակով կհանձնվի շահագործման, Արտակ Մանուկյանը պատասխանեց․ «Այստեղ խնդիրը, իրավմամբ, ոչ թե ֆորմալ առումով մինչև վերջնաժամկետը շինաշխատանքներն ավարտելն է, այլ ճանապարհի համապատասխան որակն ու սեյսմակայունությունն ապահովելը։ Եթե մենք ունենում ենք մի ճանապարհ և դրա շահագործման պարամետրերը չենք դնում բարձր նշաձողի վրա, ապա նման պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք մեզ պետք էր նման որակի ճանապարհ, որի վրա այդքան գումարներ է ծախսվում։ Ծրագրի հիմնական ռիսկային հատվածները, հատկապես դեպի Սյունիք տանող դժվարանցանելի մասը, դեռևս շահագործման հանձնված չէ, այսինքն՝ ծրագրի իրականացման առումով մենք դեռևս նվազ ռիսկային ճանապարհաշինարարաության գործընթացի մեջ ենք գտնվում, իսկ իրական ռիսկերը բաշխվելու են հենց այդ հատվածում»։   Մանրամասները՝ տեսանյութում։