10-ից՝ 3. Հիասթափված Մխիթարյանի կրակոցն աստղային պատերազմում

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ոչ պաշտոնական մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր հերթական հաղթանակն է տարել՝ այս անգամ առավելության հասնելով Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1, իսկ 11-մետրանոց հարվածաշարով Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել է 2:1 հաշվով: Նկատենք, որ հետխաղյա աստղային այս յուրովի «պատերազմում» ընդամենը 3 հարվածն է արդյունավետ եղել: 11-մետրանոց առաջին երկու հարվածները անհաջող են իրացրել թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի» և թե՛ «Ռեալի» ֆուտբոլիստները: Հարվածաշարում առաջինն աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը, ում կրակոցն առաջ է մղել «Մանչեսթեր Յունայթեդին»: Հարվածաշարում «Յունայթեդից» գոլի հեղինակ է դարձել նաև պաշտպան Բլինդը: «Պատկերացնո՞ւմ եք, 10 հարվածից ընդամենը 3-ն էին արդյունավետ: Նման մակարդակի կատարողների դեպքում սա ուղղակի ֆանտաստիկ երևույթ է: Ընդհանուր առմամբ լավ խաղացինք: Ես գոհ եմ այս շրջագայությունից: Եթե Մատայի և Էրերայի վնասվածքները լուրջ չլինեն, ապա կարելի կլինի ասել, որ ԱՄՆ կատարած շրջագայությունն ուղղակի իդեալական էր»,- խաղից հետո ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մադրիդի «Ռեալն» առաջին հանդիպումն անցկացրեց նախամրցաշրջանում: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հանդիպումը սկսեց բավական ուժեղ կազմով: Մասնավորապես, մեկնարկային կազմում էին այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են Լուկա Մոդրիչը, Գարթե Բեյլը, Կարիմ Բենզեման: Ժոզե Մոուրինյոն, ինչպես նախապես հայտարարել էր, «Մանչեսթեր Սիթիի» հետ նախորդ հանդիպման համեմատ հիմնական կազմում 9 փոփոխություն էր կատարել. ընդմիջումից հետո Մոուրինյոն կատարել է 8, իսկ 51-րդ րոպեին կատարել է նաև 9-րդը՝ Էրերայի վնասվածքի պատճառով: Հենրիխ Մխիթարյանը ասպարեզ է դուրս եկել ընդմիջումից հետո՝ փոխարինելով թիմի ավագ Կարիկին: Երկրորդ կեսում «Ռեալի» կազմում խաղացել են հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ: «Երկրորդ կեսում մեր խաղացողներն այլևս մոտիվացված չէին գործում, քանզի Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդ տղաների, որոնց դեմ պայքարելն այնքան էլ հետաքրքիր չէ: Հատկապես հիասթափված էին երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկած տղաները, ովքեր ուզում էին խաղալ «Ռեալի» առաջատարների դեմ: Չկար հաղթելու մեծ ցանկություն, բայց, ի վերջո, հաղթեցինք»,- ավելացրել է Մոուրինյոն: Երկրորդ կեսում Մոուրինյոն, բացի Մխիթարյանից, խաղադաշտ է մտցրել առանցքային խաղացողներ Պոգբային, Լուկակուին, Էրերային, Սմոլինգին, Դե Խեային, ինչպես նաև Բլինդին: Կարելի է ասել, որ հանգամանքների բերումով «Ռեալի» և «Մանչեսթերի» առաջատարները չեն խաղացել միմյանց դեմ: Այս մրցավեճում կրկին ուշադրության կենտրոնում է եղել «Մանչեսթեր Յունայթեդը» վերջերս համալրած Ռոմելու Լուկակուն: Վերջինի գործողությունները այս անգամ ևս արդյունավետ էին ու տպավորիչ: Կարելի է ասել, որ այս հարձակվողը կարճ ժամանակահատվածում գտել է իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդում»: Լուկակուին հաջողվում է արդյունավետ համագործակցել կիսապաշտպանական օղակի ֆուտբոլիստների հետ: Կարելի է ասել նաև, որ նա իր գործողություններով և խաղային ոճով հիշեցնում է Զլատան Իբրահիմովիչին, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Խաղից հետո Մխիթարյանը գրառում է կատարել թվիթարյան իր միկրոբլոգում՝ «Պահելով հաղթական գիծը: Հաջորդ հանդիպումը «Բարսելոնայի» հետ է՝ Վաշինգտոնում»: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» չորրորդ հանդիպումն էր ԱՄՆ-ում: Առաջին երեք խաղերում Մոուրինյոյի թիմը նույնքան հաղթանակ է տարել: Այդ չորս հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանը խփել է երկու գոլ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև աչքի ընկել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով: Հուլիսի 27-ին Բարսելոնայի հետ հանդիպումից հետո «Յունայթեդը» կուղևորվի Նորվեգիա, որտեղ հուլիսի 30-ին կմրցի «Վալերենգա» թիմի հետ: Օգոստոսի 2-ին էլ Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի իտալական «Սամպդորիան»: