Մոուրինյոն նոր հաստի՞ք է փնտրում Մխիթարյանի համար

Չեմպիոնների միջազգային գավաթ ֆուտբոլի ոչ պաշտոնական մրցաշարի շրջանակներում այսօր առավոտյան ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցավ մանչեսթերյան դերբին, որն ավարտվեց «Յունայթեդի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում: Բրիտանական ԶԼՄ-ներն արդեն իսկ գրում են բոլորովին նոր «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որի գլխավոր ֆիգուրներն են «Էվերթոնից» վերջերս տեղափոխված կենտրոնական հարձակվող Ռոբելու Լուկակուն և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ Լուկակուն տպավորիչ և արդյունավետ է գործում հարձակման եզրում: Նախորդ երկու հանդիպումներում Մխիթարյանը երկու գոլ էր խփել, իսկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցավեճում Մոուրինյոն անսպասելիորեն Մխիթարյանին օգտագործեց կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Ավելի ստույգ՝ Մխիթարյանը կատարում էր խաղի դիսպետչերի պարտականությունը: «Յունայթեդի» նոմինալ կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան խաղաց ենթահարձակվողի դիրքում: Շնորհիվ այս տակտիկական քայլի «Յունայթեդը» նախորդ հանդիպումների համեմատ ավելի արագ էր պաշտպանությունից անցնում հարձակման: Մխիթարյանն օգտագործում էր իր բարձր արագությունը: Մխիթարյանի՝ կենտրոնից կատարած ճեղքման շնորհիվ Մարկուս Ռեշֆորդը հեղինակեց երկրորդ գոլը՝ վճռելով հանդիպման ելքը: Նախորդ երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղացել էր հարձակման եզրերում: «Ամերիկյան շրջագայությունը մեզ համար ուժերը ստուգելու առիթ է: Այսօր պաշտպանությունում և կիսապաշտպանությունում հարկ եմ համարում որոշակի փորձարկումներ կատարել: Իմ ձեռքի տակ կան ֆուտբոլիստներ, ովքեր արդյունավետ կարող են խաղալ տարբեր օղակներում: Նախապատրաստական աշխատանքները հաջող են ընթանում, և գոհ եմ իմ ֆուտբոլիստներից»,- խաղից հետո ասել է Մոուրինյոն: Նա միևնույն ժամանակ դժգոհություն է հայտնել տրանսֆերային քաղաքականությունից: «Մի քանի խաղով դժվար է կարծիք կազմել Լուկակուի մասին: Այո, մեզ էլի են խաղացողներ պետք, որպեսզի հաջող հանդես գանք թե՛ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և թե՛ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Չեմ ցանկանում, որ նորից ունենանք այն խնդիրները, որոնք ծագեցին նախորդ մրցաշրջանում: Նշեմ նաև, որ կարճ ժամանակահատվածում շատ դժվար է բարձրակարգ ֆուտբոլիստ գտնելը: Ես սովոր եմ վճարել կամ նայել, թե ինչպես են մեծ գումարներ վճարվում հիանալի խաղացողների համար: Բայց հիմա այդպիսի գումարներ վճարվում են նաև պարզապես լավ ֆուտբոլիստների համար: Տարբերություն կա հիանալի և լավ խաղացողների միջև, բայց հիմա այնպես է, որ խելահեղ գումարներ են վճարվում նույնիսկ միջակ կատարողների համար»,- հավելել է պորտուգալացի մասնագետը: Ինչևէ, կայացած հանդիպումները կրկին անգամ ապացուցում են, որ գալիք մրցաշրջանում Մխիթարյանը լինելու է «Յունայթեդի» առանցքային խաղացողներից մեկը: Մոուրինյոն շարունակում է փորձարկումներ անել՝ մեր ֆուտբոլիստին խաղացնելով տարբեր դիրքերում: Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանին սովորաբար տեսնում էինք եզրերում, երբեմն նաև ենթահարձակվողի դիրքում: Այս անգամ նա խաղաց ավելի խորքից և, կարելի է ասել, բավական հաջող: Արդյոք Մոուրինյոն խաղային նոր հաստի՞ք է փնտրում Մխիթարյանի համար: Նշենք, որ նոր դիրքում խաղալով՝ մեր ֆուտբոլիստն ունեցավ դարպասը գրավելու հնարավորություններ: Ուշադրություն դարձնենք նաև, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում փայլուն գոլից հետո անկյունայինի խաղարկումների ժամանակ Մխիթարյանը այժմ հերթապահում է դարպասապահի հրապարակի մատույցներում: Կարծում ենք՝ առաջիկա ընկերական հանդիպումներից հետո մոտավոր պատկերացում կկազմենք, թե գալիք մրցաշրջանում խաղային որ դիրքում կխաղա մեր կիսապաշտպանը: