«Ծռերը» մեկ տարի առաջ և այսօր լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանին

«Ծռերը» մեկ տարի առաջ և այսօր լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանին

«Սասնա ծռերի» գործողությունները ամենաէական նշանակություն են ունեցել Ղարաբաղյան խնդրի հետ կապված»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, որը մասնակցում է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» Ազատության հրապարակից մեկնարկած երթին: «Ես խորապես համոզված եմ, որ Արցախի հարցում պարտվողական քայլերից հեռանալու գործում մեծ դերակատարություն են ունեցել «Սասնա ծռերը»: Առհասարակ, այսօրվա երթը բավական ծանր տպավորություն թողեց, որովհետև մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների առաջացրած բումից այսօր մնացել են ընդամենը 150-200 քաղաքացիներ, որոնց այսօրվա ակցիան ավելի շատ նման էր մարգինալ ֆանատիկների հուսահատ քայլի, քան քաղաքական միջոցառման: Վերադառնալով Ենիգոմշյանի պնդումներին` նկատենք, որ «ծռերի» գործողությունների ղարաբաղյան հետքը եթե անգամ քննարկվում է, ապա միանգամայն ձեռնտու է Սերժ Սարգսյանին և լեգիտիմացնում է նրա ղարաբաղյան քաղաքականությունն, ընդ որում` ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև խաղաղության ձգտող մեր հասարակության աչքերում: Մեծ հաշվով` «ծռերի» գործողություններն ոչ մի կերպ չեն սրբագրել իշխանությունների ղարաբաղյան քաղաքականությունը. ընդամենը մի փոքր պաուզա են ապահովել Սերժ Սարգսյանի համար, որը, սակայն, այդ ժամանակն օգտագործել է ոչ թե արտաքին, այլ ներքին ճակատում իր դիրքերն ամրապնդելու համար: Ասվածի լավագույն ապացույցը Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցն էր, որում որևէ ակնարկ չկար այն մասին, որ Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը կոշտանալու է: Հակառակը` նույնիսկ միտումներ կան, որ Հայաստանը գնում է մարտավարական զիջումների, որովհետև ըստ էության համաձայնություն է տվել Սարգսյան-Ալիև հանդիպմանը` առանց Ադրբեջանի կողմից Վիեննայի համաձայնությունների կատարման: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում այս պահին հատկապես անընդունելի են երկու ծայրահեղ մոտեցումները` «ոչ մի թիզ հող չզիջելու» պնդումը և պացիֆիզմը: Երկուսն էլ` աղերս չունեն իրական քաղաքականության հետ և, ըստ էության, մագիստրալ են դարձնում Սերժ Սարգսյանի դիրքորոշումները` վերջինիս դարձնելով միակ ադեկվատ քաղաքական սուբյեկտը: ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի հետո «ծռերը» չեն հասկացել այս ճշմարտությունն և այսօրվա երթով էլ շարունակում են լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին: