Ռուսաստանն է կրքեր բորբոքում Ղարաբաղի շուրջ, ոչ թե Ուկրաինան. Վիտալի Պորտնիկով

Ռուսաստանն է կրքեր բորբոքում Ղարաբաղի շուրջ, ոչ թե Ուկրաինան. Վիտալի Պորտնիկով

Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները և դրանց զարգացումը պետք է կախված չլինեն Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինայի դիրքորոշումից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ խոսելով այն մասին, որ Ուկրաինան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մշտապես պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը: Վերլուծաբանի խոսքերով՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին նորություն չեն հայկական կողմի համար, դրանք ընդամենն արտահայտում են Ուկրաինայի դիրքորոշումը, որը որդեգրվել է 1991 թվականից: Ուկրաինան միշտ պաշտպանել է նախկին խորհրդային հանրապետությունների և նաև հարավսլավական հանրապետությունների տարածքային ամբողջականությունը, և դա եղել է ոչ միայն ռուս-ուկրաինական ճգնաժամից և Ղրիմի անեքսիայից հետո, այլև դրանից առաջ: «Լեռնային Ղարաբաղի և իր բնակիչների խնդրի լուծումն այն է, որ գտվնի համապարփակ միջազգային այնպիսի որոշում, որը կընդունեին հակամարտութան երկու կողմերը, և այդ որոշումը կներառեր Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի համապարփակ համաձայնությունը: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ առանց այդ լուծման, Լեռնային Ղարաբաղի տարածքը միշտ մնալու է խնդրահարույց, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները խնդիրներ կունենան այլ երկրների պետական սահմանն անցնելու դեպքում, ինչպես նաև Ղարաբաղը խնդիրներ կունենա այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման ժամանակ: Թեև ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղի պարագայում վիճակն այնքան ցավոտ չէ, որքան Ղրիմի, Մերձդնեստրի կամ Աբխազիայի դեպքում, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները, փաստորեն, ունեն հայկական անձնագրեր և այդ անձնագրերի նկատմամբ որևէ միջազգային պատժամիջոց սահմանված չէ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի բնակիչներին չեն տրամադրում վիզաներ իրենց նոր անձնագրերով: Նրանք կարող են այլ պետություններ մուտքի արտոնագիր ստանալ միայն իրենց ուկրաինական անձնագրերով, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդպիսի խնդիր չունեն»,- նշեց Վիտալի Պորտնիկովը: Ռուս փորձագետներից մեկը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահն իր այդպիսի հայտարարություններով կոչ է անում Ադրբեջանին պատերազմի, մինչդեռ Ռուսաստանը խաղաղության կոչ է անում և անում է ամեն ինչ հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու համար: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ վերլուծաբան Վիտալի Պորտնիկովն ասաց, թե սա շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև Ուկրաինայի նախագահը պատերազմի որևէ կոչ չի արել: «Նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ չի անում Ադրբեջանին պատերազմել: Ուկրաինան միշտ էլ արտահայտվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին: Դա կարելի է գտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության բազմաթիվ փաստաթղթերում և ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարություններում: Ես կասեի, որ միակ երկիրը, որը կրքեր է բորբոքում Ղարաբաղի շուրջ, ոչ թե Ուկրաինան է, այլ հենց Ռուսաստանը: Իհարկե, ամենաօպտիմալ ձևը հակամարտության յուրաքանչյուր կողմի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելն է, բայց միայն այն դեպքում, եթե հակամարտության կողմերին կոչ են անում խաղաղության, ոչ թե նպաստում են պատերազմին: Դուք շատ լավ գիտեք, որ Ռուսաստանը մի կողմից ակտիվորեն զարգացնում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ ակտիվորեն զարգացնում է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ այդպիսով ստեղծելով նախադրյալներ այս երկու երկրների ռազմական բախման համար: Ես միշտ ասել եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտը թակարդ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, որովհետև այն կախվածության մեջ է գցում այս երկրներին Մոսկվայից, թեկուզև այդ կախվածության աստիճանները տարբեր են: Պատրանք է այն, որ Ռուսաստանը ռազմական բախման դեպքում կպաշտպանի հակամարտության կողմերից մեկին: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանում նորմալ իրավիճակի զարգացումը կախված է Լեռնային Ղարաբաղի հարցում համապարփակ և թափանցիկ համաձայնության հասնելուց, որը հաշվի կառներ ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի հայերի, ինչպես նաև այն ադրբեջանցիների շահերը, որոնք ապրում էին այնտեղ նախքան զինված հակամարտության բռնկումը: Իմ տեսակետն այս հարցում որևէ կերպ չի տարբերվում պաշտոնական Կիևի տեսակետից»: