Պատերազմի և խաղաղության երկընտրանքը կամ ո՞րն է Ռուսաստանի ու Արևմուտքի տարբերությունը

Պատերազմի և խաղաղության երկընտրանքը կամ ո՞րն է Ռուսաստանի ու Արևմուտքի տարբերությունը

Երեկ Սերժ Սարգսյանն ասում էր, թե մեզ ՆԱՏՕ-ում գրկաբաց չեն սպասում: Օրիգինալ կարծիք չէ, որովհետև Հայաստանը ոչ մի հատկանիշով չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին, մյուս կողմից` այս հանգամանքը չի կարող արդարացում համարվել հայ-ռուսական այսօրվա հարաբերություններին, որոնք երեկ պաշտպանվում էին նախագահի կողմից: Սերժ Սարգսյանն իրականում երեկ պրիմիտիվացրեց հարցը, որովհետև պրակտիկ քաղաքականության տեսանկյունից այսօր որևէ մեկը չի դրել Ռուսաստան-ՆԱՏՕ երկընտրանքի հարց: Ավելի ռացիոնալ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը դուրս գար բլոկային սխեմատիկ մտածողությունից և հանգամանալից անդրադառնար այն հարցին, թե աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրն ինչ է առաջարկում Հայաստանին: Ի դեպ, դա անուղղակի պատասխան կլիներ պատերազմի և խաղաղության երկընտրանքի հարցին: Մեզ ՆԱՏՕ-ում իրավ գրկաբաց չեն սպասում, բայց այդ ալյանսի երեք առաջատար երկրներ` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ներդրումներ են առաջարկում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Սրանք, ըստ էության, զարգացման և խաղաղության ռեսուրս ապահովող գումարներ են, որոնք ուղղված են լինելու Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիային և ազատականացմանը: Այս ներդրումները նաև նպաստելու են Հայաստանի տնտեսական հարաբերությունների արդիականացմանը, համակարգային բարեփոխումների իրականացմանը, մրցակցային ու մրցունակ համակարգի ստեղծմանը, ինչը նրան կենսունակ կդարձնի տարածաշրջանում և աշխարհում: Ռուսաստանը ներդրումների հնարավորոյթյուն չունի, բայց պատրաստ է Հայաստանին վարկ տրամադրել, համենայնդեպս` ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հավաստմամբ: Բայց ռուսների առաջարկած վարկը ռազմական է և, ըստ էության, ուղղված է պատերազմի նախապատրաստությանը: Ռուսաստանը մի ձեռքով սպառազինում է Ադրբեջանին, մյուսով վարկավորում է Հայաստանին, որպեսզի մեր երկիրը հետ չմնա Ադրբեջանից: Ռուսական հնարավոր վարկը կոնկրետ նշանակություն ունի և անիմաստ է սպասել, որ դրա արդյունքում կարող է տնտեսական աշխուժացում լինել: Նույնիսկ կանխատեսելի է, որ վարկային այս պատմությունը կոռուպցիոն խութեր կունենա, ինչը բնորոշ է հայ-ռուսական գրեթե բոլոր գործարքներին: Եթե արևմտյան հնարավոր ներդրումները Հայաստանի էներգետիկան և ընդհանրապես` տնտեսությունն ազատում են այսօրվա կապանքներից, ապա ռուսական հնարավոր վարկն ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունից Մոսկվայից` վերացնելով Հայաստանի ինքնիշխանության վերջին էլեմենտները: Կրկնում ենք` այս պատկերն ուղղակի կապ չունի «պատերազմ-խաղաղություն» երկընտրանքի հետ, սակայն պատասխանում է այն հարցին, թե աշխարհաքաղաքական որ կենտրոններն են շահագրգռված տարածաշրջանային խաղաղության հաստատմամբ և ով է սանձազերծում պատերազմ: