Հայաստանի կոռուպցիոն արցունքներին այլևս ոչ ոք չի հավատում

Հայաստանի կոռուպցիոն արցունքներին այլևս ոչ ոք չի հավատում

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում անդրադառնալով մեր երկրում հանցավորության դինամիկային, ակնհայտորեն տպավորություն է ստեղծել, թե երկրում մղվում է հակակոռուպցիոն հետևողական պայքար: «Երբ համեմատում ենք լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցագործությունները, մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառք տալ, կաշառք վերցնել, կաշառքի միջնորդություն, տնտեսական բնույթի հանցագործություններ, ապա այս առումով մենք բացահայտումների բազմապատիկներով աճ ունենք»,-պարզաբանել է Արթուր Դավթյանը: Մի դատախազ կամ մի քանի դատավոր ձերբակալելը ամենևին էլ կոռուպցիայի դեմ պայքար չէ, մանավանդ՝ ավելի ստորին օղակներում գտնվող պաշտոնյաները հաճախ ակամայից դառնում են բարձրաստիճան իշխանավորների ստեղծած կոռուպցիոն միջավայրի զոհերը: Հայաստանում հաճախ պաշտոնյա դառնում են մեծ կաշառքներ տալով, իսկ իրենց գործունեությունը ծավալում են կոռուպցիոն միջավայրում, որպեսզի բավարարեն վերևների «ախորժակը» և «բռնեն» իրենց ստորադասների վախը: Տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններն իմիտացրել են, թե պայքարում են կոռուպցիայի դեմ՝ մեծ գումարներ կորզելով միջազգային կառույցներից: Վերջին շրջանում Արևմուտքից հստակ հասկացրին, որ այլևս իրենց հետաքրքիր չէ Երևանի խոսքը՝ սպասում են գործի: Կոռուպցիոն թեման առանցքայիններից մեկն է ԵՄ Հայաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու և Հայաստանի իշխանությունների հեռակա բանավեճում՝ հատկապես, որ խորհրդարանական ընտրությունները կոռուպցիոն նոր դրսևորում էին՝ արդեն քաղաքական հարթության վրա: Հայաստանի իշխանությունները Եվրոպայից կամ ԱՄՆ-ից անընդհատ գումար են ակնկալում՝ առանց պարտավորությունների: Սվիտալսկին ակնարկում է, որ համագործակցություն կլինի միայն կոնկրետ արդյունքի դեպքում: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոստանում է խոշոր ներդրումներ, սակայն դրանց գինն, ըստ էության, Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումն է: Հայաստանում արևմտյան մեսիջներն ադեկվատ չեն ընկալել ու շարունակում են անճաշակ PR-ը՝ իրենց անգործությունը կամ, ավելի ճիշտ, կոռուպցիոն բուրգը քողարկելու նպատակով: Այդ շարքից է Արթուր Դավթյանի երեկվա ասածը կամ բիզնես-օմբուդսմենի պաշտոն հիմնելու մտադրությունը: Նման հայտարարությունը կամ նախաձեռնությունը ծիծաղ են հարուցում, երբ բոլորը գիտեն, որ պաշտոնը Հայաստանում եկամտի, ֆանտաստիկ հարստություն դիզելու միջոց է: Մեր գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ազգականները զբաղված են բիզնեսով՝ պետական ռեսուրսն օգտագործելով դրա բարգավաճման համար և մրցակիցներին նեղելու նպատակով: Կոռուպցիան Հայաստանում այնքան խորքային և մասշտաբային է, որ արդեն նույնացել է իշխանության հետ: Մեր իշխանությունների գեղեցիկ ելույթներն ու խոստումներն արդեն արժանանում են եվրոպացի դիվանագետների հեգնանքին: Հայաստանի կոռուպցիոն արցունքներին այլևս ոչ ոք չի հավատում: