ՀՀ-ում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել. Վարդան Արամյան

ՀՀ-ում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել. Վարդան Արամյան

Հայաստանում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում: «Ավելին, Ազգային ժողով ներկայացված ծախսային ծրագրում ծախսերի ցուցանիշը եղել է 1 տրիլիոն 376 միլիարդ, հետագայում տարին ավարտվել է 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ ծախսերով»,- հայտարարեց նախարարը՝ պատասխանելով հարցադրմանը, որ փորձագիտական որոշ շրջանակներ պնդում են, թե նախորդ տարի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված Հայաստանում ծախսերի սեկվեստր է եղել: Արամյանի խոսքով՝ ծախսերի սեկվեստր չի եղել ոչ մի ոլորտում, իսկ պաշտպանության բնագավառում, ընդհակառակը մեծապես շեշտադրվում է ծախսերի ավելացման գերակայությանը: «Մենք պետք է պահենք ռազմական հավասարակշռությունը, որով էլ հնարավոր է պահել խաղաղության գործոնը»,-նկատեց նախարարը: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլարի ռուսական վարկին, նախարարը նշեց, որ 30 միլիոնի կարգի դեռ Հայաստանն ունի այդ վարկից ծախսելու: Այս վարկի շրջանակում ապրանքները մատակարարվում են ՀՀ ՊՆ-ին, գումարը վճարում են ռուսական կապալառուներին, որոնք ապրանքը ներքին գներով մատակարարում են Հայաստան: Կատարվում են նաև կանխավճարներ: