Լևոն Մկրտչյանը սփյուռքի ուսուցիչներին առաջարկեց ստեղծել սփյուռքահայ ուսուցիչների ասոցիացիա

Լևոն Մկրտչյանը սփյուռքի ուսուցիչներին առաջարկեց ստեղծել սփյուռքահայ ուսուցիչների ասոցիացիա

Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին առաջարկեց միավորվել և ստեղծել սփյուռքահայ ուսուցիչների ասոցիացիա: Հուլիսի 17-ին ծրագրի մասնակիցների հետ կայացած հանդիպմանը նախարարը նախ ուսուցիչներին ներկայացրեց Հայաստանի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, լսեց նաև նրանց առաջարկներն ու դիտարկումները: «Յուրաքանչյուր ամառ մենք կազմակերպում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:Տարեցտարի աշխարհագրությունն ընդլայնվում է: Ծրագիրը բավականին հեռանկարային է: Շատ կարևոր է հատկապես, որ մենք կարողանանք գտնել բանաձև՝ ճիշտ ուղղու վրա դնել համայնքային այն դպրոցներին, որոնք աշխատում են կիրակնօրյա ռեժիմով»,-ասաց ԿԳ նախարարը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր համայնք յուրահատուկ է, եթե Ռուսաստանում աշխատում են այնտեղ գնացած երկրորդ սերնդի հայերի հետ, ապա Հարավային Ամերիկայում 4-րդ և 5-րդ սերնդի երեխաների հետ են աշխատում ուսուցիչները: Եթե Միջին Արևելքում կան որոշակի ավանդույթներ, ապա Ռուսաստանում չկան: «Այդ պատճառով ճիշտ չի լինի կազմել սփյուռքահայ ուսուցիչների մեկ միասնական ընդհանուր ծրագիր: Պետք է կարողանանք յուրաքանչյուր համայնքի խնդրի լուծում տալ անհատապես: Օրինակ՝ պետք է կարողանանք հայերենը գոնե իբրև օտար լեզու դասավանդել Հարավային Ամերիկայի երկրներում»,-ասաց Լևոն Մկրտչյանը: Նախարարը նախ լսեց սփյուռքի ուսուցիչների կարծիքներն ու առաջարկությունները՝ հասկանալու, թե համայնքներում ինչ խնդիրներ կան: Սփյուռքահայ ուսուցիչ Թամարա Մաթևոսյանը նշեց, որ այս տարի չափազանց գոհ են վերապատրաստման դասընթացներից և առաջարկեց ստեղծել սփյուռքահայ ուսուցչի օգնություն բաժին, որպեսզի էլեկտրոնային տարբերակով մատուցեն և ստանան գիտելիքներ՝ համախմբելու ամբողջ սփյուռքի հայ ուսուցիչներին: «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մինչ հոկտեմբեր կստեղծենք օնլայն մի բաց հարթակ, որտեղ բոլոր ուսուցիչները կկարողանան իրենց առաջարկություններով և դիտողություններով կիսվել: Այդպիսով մենք կիմանանք յուրաքանչյուր դպրոցի խնդիր: Եթե կարողանանք երկու տարում ձևավորել քարտեզը և հասկանալ բոլոր հաստատությունների խնդիրները, դրական արդյունք կարձանագրենք»,-ասաց նախարարը: Նախարարն ուսուցիչներին առաջարկեց նաև ստեղծել սփյուռքահայ ուսուցիչների ասոցիացիա՝ միմյանց հետ կապը պահելու համար: Խոստացավ տրամադրել հարթակ , հնարավորություններ՝ աշխատելու իրար հետ, դպրոցների վատ կահավորման դեպքում դպրոցներն ապահովել էլեկտրոնային հաղորդակցության հնարավորություններով: