Բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

Բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հուլիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռվածք, գանգոսկրի գծային կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 1962թ. ծնված մի բնակիչ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի վայրը, հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ Դեպքի առթիվ հուլիսի 15-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մուրճ, որը, ըստ նախնական տվյալների, հանդիսանում է հանցագործության գործիքը։ Նշանակվել են փորձաքննություններ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 16-ին ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ: Նախաքննությունը շարունակվում է: