Հասնելու եմ նրան, որ այս իշխանությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, պատասխանատվություն կրի. Գ. Վիրաբյանը նորից դիմել է դատախազություն

Հասնելու եմ նրան, որ այս իշխանությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, պատասխանատվություն կրի. Գ. Վիրաբյանը նորից դիմել է դատախազություն

ՀԺԿ նախկին համակիր, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանն այսօր կրկին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն իր վերաբերյալ գործի վերաբացման պահանջով: Այդպիսի դիմում նա օրերս դարձյալ ներկայացրել էր, սակայն մերժում էր ստացել: Բացի այդ, հուլիսի 25-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է ՀՔԾ-ի կողմից գործը կարճելու վերաբերյալ որոշման բողոքարկման քննությունը: Վիրաբյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայությանը վերաբացել իրեն խոշտանգելու մասով գործի քննությունը: «Բացի Հայաստանում սկսած գործընթացից՝ ես Եվրոպայում, Բելգիայում ունեմ փաստաբաններ, ովքեր ապացուցում են գործի արհեստական ձգձգելը, խոչընդոտներ հարուցելը, որը գալիս է ապացուցելու, որ իմ մասով քաղաքական որոշում է կայացվել դեռևս Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի օրոք: Իրենք պետք է հասկանան, որ ես մինչև վերջ գնալու եմ և հասնելու եմ նրան, որ մեղավորները զրկվեն անգամ արտասահման մուտքի վիզայից, իրենց հաշվեհամարները արգելանքի տակ հայտնվեն: Իմ փաստաբանները կհասնեն դրան: Ուղղակի իրենք չեն հասկանում, որ ինչքան գործընթացը ձգձգվում է, ինձ, իմ փաստաբաններին այդքան ավելի շատ հիմնավորումներ են տալիս»,- ասաց Վիրաբյանը: Նա հավելեց. «Ես 2004 թվականի ապրիլի 12-ից կանգնած եմ Բաղրամյան 26-ի Ռոբերտ Քոչարյանի փռած փշալարի առաջ, և ոչ մի կերպ չի ստացվում ինձ հեռացնել այդ փշալարից: Ես որտեղ էլ ապրեմ, նույն Վիրաբյան Գրիշան եմ՝ կանգնած այդ փշալարի առաջ: 13 տարի է՝ կանգնած եմ, ու ամեն րոպե էլ պատրաստ եմ այդ փշալարը հաղթահարելու: Մարդիկ կային՝ Գուրգեն Արսենյանի նման, որ հայտարարեցին, թե գերազանց ռազմական օպերացիա էր նախատեսված: Ստեփան Զաքարյանի ու Մարգարիտ Եսայանի նման, որ հայտարարեցին, թե ես իբր իշխանական ական եմ, բայց ես չեմ նահանջելու այս խոսքերից: Այդ օրերին 2500 մարդ է կալանքի ենթարկվել, ես այդ մարդկանց չեմ կարող դավաճանել: Ես պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի այս իշխանությունները պատասխանատվություն կրեն՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, որը թալանեց երկիրը, փշալարը փռեց ամբողջ հանրապետությունում ու հեռացավ»: Անկախ նրանից, որ գործը քաղաքական է, և իր հանդեպ մշտապես քաղաքական որոշում է կայացվում, Վիրաբյանն ասաց, որ ինքը լիահույս է, որ կհաջողվի հաղթանակ գրանցել և հասնել նրան, որ մեղավորները պատժվեն: «Ես լիահույս եմ, իսկ ովքեր թերահավատ են, ես հորդորում եմ զինվել համբերությամբ: Ինչպես եղավ ՄԻԵԴ վճռի ժամանակ»,- ասաց Վիրաբյանը: Գրիշա Վիրաբյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ պատրաստվում է ԵԽ Նախարարների կոմիտեին նամակով տեղյակ պահել, որ Հայաստանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ վճիռը, որով հաստատված էր համարվել իրեն խոշտանգելու փաստը: Վիրաբյանն ասաց, որ իր փաստաբաններն արդեն աշխատում են նամակի վրա, և մինչև այս ամսվա վերջ նամակը տեղ կհասնի: Հիշեցնենք, որ Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 24-ին դաժան ծեծի էր ենթարկվել, խոշտանգվել նախկինում ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանի, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Մովսիսյանի, նախկինում մարզի պետավտոտեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Հարությունյանի կողմից։ Հայաստանում գործի քննությունից ու դատավարությունից հետո Վիրաբյանը դիմել էր ՄԻԵԴ, որն էլ իր հերթին 2012թ. վճիռ է կայացրել և ճանաչել Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումներ. «Մասնավորապես, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ քրեական գործի քննության ընթացքում և դատարանում տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ ինձ ենթարկելով խոշտանգումների: Մեկ այլ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները գործի քննության ընթացակարգային խախտումներ են թույլ տվել և ոչ արդյունավետ են քննություն իրականացրել: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ իմ անմեղության կանխավարկածն է խախտվել: Չի իրականացվել արդյունավետ քննություն կիրառված խոշտանգումների հիմքում առկա քաղաքական դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Եվ ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ խոշտանգման փաստի հիմքով իրականացված քննությունը եղել է անարդյունավետ: ՄԻԵԴ վճռից հետո Հայաստանում խոշտանգումների մասով նոր քրեական գործ հարուցվեց, սակայն դրա քննությունը կարճվեց»: