Սերժ Սարգսյանի մի խոստովանություն ու ապրիլյան պատերազմի մի չքաղված դաս

Սերժ Սարգսյանի մի խոստովանություն ու ապրիլյան պատերազմի մի չքաղված դաս

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով 80-ականների զենքի մասին իր հայտնի հայտարարությանը, որ հնչեց Բեռլինում ապրիլի պատերազմի օրերին՝ Մերկելի հետ համատեղ ասուլիսում, Սերժ Սարգսյանը արել է բավական ուշագրավ մի ակնարկ: Հարցազրուցավարի հարցին ի պատասխան, թե հայտարարությունը արժանացել է քննադատության ու շահարկումների և մյուս կողմից՝ դիտվել Ռուսաստանին ուղղված հանդիմանություն, Սերժ Սարգսյանը «հարցականով» նկատել է, թե ուրեմն ճիշտ հայտարարություն է, չէ՞, եղել: Այլ կերպ ասած՝ Սարգսյանը խոստովանել է, որ 80-ականների զենքի մասին իր հայտարարությունն ուղղված է եղել Ռուսաստանի դեմ: Թեև, իհարկե առանձնապես խորաթափանցության կարիք չկար՝ հասկանալու համար, որ ապրիլյան պատերազմի հրադադարից անմիջապես հետո Բեռլին այցն ու Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարությունները այլ նպատակ չունեին, քան ցույց տալ Ռուսաստանին, որ Սերժ Սարգսյանն «աչք չի թարթի» Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը փոխելու հարցում, եթե առաջանա պատերազմի հետևանքով պարտության վտանգ: Արդյո՞ք Սարգսյանի այդ հայտարարության շնորհիվ է, որ հետո նա ստացավ արդեն «առանց աչք թարթելու» հարկ եղած դեպքում «Իսկանդերի» արձակման հրաման տալու հնարավորություն, այսինքն՝ ստացավ «Իսկանդեր»: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մեր բանակն այսօր սպառազինված է անհրաժեշտ չափով: Իհարկե, մինչև ապրիլ էլ կարծես թե երբեք չի հայտարարվել, թե կա անհրաժեշտ սպառազինության պակաս: Ավելին՝ միշտ հայտարարվել է, որ Հայաստանը երբեք հետ չի մնում Ադրբեջանից: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցում բացակայում էր ամենաառանցքայինը՝ Ռուսաստանի հետ հարաբերության բնույթի և որակի վերանայման հեռանկարը: Ավելին, Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարեց, որ այդ իմաստով փոփոխություն սպասելի չէ: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ համարձակ ու արժանապատիվ կխոսի միայն այն դեպքում, երբ «դանակը կրկին» հասնի ոսկորին, և առաջանա իսկապես ծայրահեղ վտանգ: Իսկ դա արդեն իսկ վտանգավոր է, եթե Ռուսաստանի հետ համարձակ և արժանապատիվ կարող ենք խոսել միայն ծայրահեղ վտանգի դեպքում: Որովհետև, ինչպես մենք ենք խոսում ապրիլյան պատերազմից դաս քաղելու մասին, այդպես էլ դրանից դաս կարող է քաղել, օրինակ, Ռուսաստանը, որի ապրիլյան պահվածքից Սերժ Սարգսյանն անգամ դժգոհում էր բավական ակնառու կերպով: Եվ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը կարծես թե տարածաշրջանային խորքային ռազմավարության առումով բացարձակապես չի հրաժարվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սիրախաղի կամ նվազագույնը առևտրային գործընկերության մոտեցումից, կա մտավախություն, որ այդ դասը կարող է լինել ոչ թե Հայաստանի հանդեպ քաղաքականության և մոտեցումների փոփոխությունը և դաշնակցային առավել բարձր էթիկայի դրսևորումը, այլ պարզապես հակադաշնակցային քայլերի ծայրահեղ հետևանքից խուսափումը: Այսինքն՝ չանել այնպիսի քայլեր, որոնք կբերեն ծայրահեղ վիճակների և մի կողմից՝ անկյուն կքշեն Հայաստանի իշխանությանը, մյուս կողմից՝ կրկին ՌԴ-ի դեմ կառաջացնեն բուռն հանրային ալիք, որից կօգտվի իշխանությունը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի քաղած դասը կլինի այն, որ պետք է մի քիչ դանդաղ ու անաղմուկ հանել Հայաստանի շահն ու անվտանգությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրի, բայց ավելի հուսալի: Մինչդեռ Հայաստանի մասով ապրիլյան պատերազմի դասերից մեկն էլ պետք է լիներ այն՝ մասնավորապես Հայաստանի իշխանության մասով, որ հանրային տրամադրությունն ու կարծիքը բավական ամուր հենք են իշխանության վստահության և պետության ինքնիշխանության համար: Որովհետև եթե չլիներ հանրային միարժեք և հստակ կարծիքը, Սերժ Սարգսյանը որևէ դեպքում չէր համարձակվի Բեռլինից Մերկելի հարևանությամբ ակնարկներ հղել Ռուսաստանին: Հետևաբար «Իսկանդերը» գործնականում Հայաստանի իշխանության շնորհը կամ Ռուսաստանի մեծահոգի դաշնակցությունը չէ, այլ Հայաստանի հասարակության ձեռքբերումը՝ նվազագույն ձեռքբերումը: Որովհետև այդ ձեռքբերումը արտաքին քաղաքական և անվտանգության ոլորտում շատ ավելին կարող էր լինել, եթե իշխանությունը պատկերացներ հասարակական կարծիքի ուժն ու ապրիլյան պատերազմից հետո դասերից մեկն էլ դարձներ այն, որ քառօրյայում դրսևորված այդ ուժն, այսպես ասած, ինստիտուցիոնալացվեր կամ քաղաքականապես ձևակերպվեր հետագա ժամանակագրության համար, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի շահն ու արժանապատվությունը պաշտպանել հնարավոր լիներ ոչ միայն ծայրահեղ վտանգների պայմաններում: Այլ ավելի շուտ՝ հենց այդպիսի վտանգների տեղիք չտալու համար: