«Ծռության» գործողությունից մեկ տարի հետո՝ «Ծռության» վտանգ

«Ծռության» գործողությունից մեկ տարի հետո՝ «Ծռության» վտանգ

Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը: Տասնչորսօրյա դրամատիկ իրադարձությունները երեք ոստիկանի կյանք խլեցին, տակնուվրա արեցին Հայաստանի քաղաքական, հանրային կյանքը: Անկախ իրենց գործողությունների մոտիվացիայից՝ «Ծռերն» ընտրեցին պայքարի միջոց, որի ֆոնին լեգիտիմ է երևում ցանկացած իշխանություն՝ անկախ իր թերություններից: Ակնհայտ էր նաև, որ հասարակության մեծամասնությունը՝ իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի կարող կոնսոլիդացվել ահաբեկչության, բռնության շուրջ: Մյուս կողմից՝ «Սասնա ծռերը» բարձրացրին հանրային սպասումների նշաձողը, որին չկարողացան հասնել ոչ իրենք և ոչ էլ դաշտում գործող ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը: Այս ամենի հետևանքն այն եղավ, որ «Ծռերի» գործողություններն օգտագործվեցին Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունն ավելի ամրապնդելու և անվերահսկելի դարձնելու համար: Մասնավորապես, Սերժ Սարգսյանն իրավիճակը պատեհ համարեց հավակնոտ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ազատվելու և սեփական իշխանության վերարտադրության ծրագրերին նոր ընթացք տալու համար: «Սասնա ծռերի» որոշ գործիչներ հրապարակավ հանդես են գալիս Ռուսաստանի գաղութացման դեմ, սակայն ՊՊԾ գնդի գրավումը, ահաբեկչական նախորդ գործողությունների օրինակով, միայն ուժեղացրեց Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, ինչի դրսևորումներից մեկը դարձավ միացյալ զորախմբի ստեղծման պարտադրումը Հայաստանին: Ընթացող դատավարությունը հենց մեկնարկից նման է խեղկատակության, որն ավելի է մեծացնում լարվածությունը՝ այն լիցքաթափելու փոխարեն: Մեկամյա վաղեմության իրադարձություններից դասեր չեն քաղել ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ «Ծռերը»: Քանի Հայաստանում ունենք դեսպոտ իշխանություն և նրան հակադրվող «մաուզերիստ» ընդդիմություն, նոր ահաբեկչության, «ծռության» նոր դրսևորման վտանգն առկա է: Ցավոք, դա է այն եզրակացությունը, որ կարող ենք անել արյունոտ դեպքերից մեծ տարի անց: