Դարձա զգացմունքների թարգմանիչ, 80 մլն բանտարկյալ ապրում է այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով. Նիշանյան

Դարձա զգացմունքների թարգմանիչ, 80 մլն բանտարկյալ ապրում է այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով. Նիշանյան

Թուրքիայի Ֆոչայի բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Կարծում եմ՝դարձա երկրի զգացմունքների թարգմանիչը: Ութսուն միլիոն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով»,- գրել է Նիշանյանը: Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Քանի որ լեզվաբանը 48 ժամվա ընթացքում հրաժարվել էր հանձնվել, նրան հուլիսի 16-ի առավոտից հայտարարել են փախուստի մեջ գտնվող: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել էր, որ երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: «Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել էր մտավորականը: