ԵՄ-ն գիտակցեց, որ Հայաստանի հետ համագործակցելն իր շահերից է բխում. Թևան Պողոսյան

«Հաղթահարեցինք մի փուլ, որտեղ նորից ԵՄ-ն գիտակցեց, որ Հայաստանի հետ համագործակցելն իր շահերից է բխում: Իսկ Հայաստանն էլ շատ լավ գիտակցում է, որ եթե պետք է դառնանք արդիական երկիր, ապա առանց ԵՄ օժանդակության և օգնության մենք չենք կարողանալու շարժվել: Հույս ունեմ, որ նոյեմբերին մենք կունենանք վերջնական ստորագրված նոր իրավական փաստաթուղթ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության դաշտերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան համագործակցությանը: Թևան Պողոսյանն անդրադաձավ Ռուսաստանի Պետական դումայի 2017 թվականի հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Նրա խոսքով՝ ՀՀ ԱԺ-ն իրավունք ունի նույն մոտեցումը ցուցաբերելու: «Եթե մենք որոշել ենք, որ մենք ձևավորում ենք մեկ միասնական աշխատանքային շուկա, ապա այս պահի դրությամբ դա պետք է ԵԱՏՄ կառույցն անի, և Հայաստանը պետք է դիմի ԵԱՏՄ-ին, այդ կառույցի պարտավորությունն է հետևելու այս ամենին»,- ասաց նա՝ հավելելով, որ սա մի խնդիր է, որտեղ կարևոր է, թե դու ինչ «սիգնալ» ես տվել ԵԱՏՄ ինստիտուտին: Սա ԵԱՏՄ քարտուղարության խնդիրն է, և պետք է քայլեր ձեռնարկի, այլապես եթե որևէ բան չփոխվի, Հայաստանը դասեր պետք է քաղի: Հարցին՝ այդ միությունում մնալու նպատակահարմարություն կա՞, Թևան Պողոսյանը նշեց, որ այդ կառույցից որևէ դրական ազդեցություն, որպես քաղաքացի, չի ունեցել: «Տարվա կտրվածքով վեց ամիսը ամեն օր կարդում եմ բացասական բաներ ԵԱՏՄ-ի մասին»,- հավելեց նա:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: