Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ. նրան կալանավորելու որոշում կա

Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ. նրան կալանավորելու որոշում կա

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ, նրան կալանավորելու մասին որոշում կա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրյեթ» պարբերականը: Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Քանի որ լեզվաբանը 48 ժամվա ընթացքում հրաժարվել էր հանձնվել, նրան հուլիսի 16-ի առավոտից հայտարարել են փախուստի մեջ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել էր, որ երբ ժամանակը գա, մանրամասն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել էր. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի՝ Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»: «Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել էր մտավորականը: Նիշանյանը հրաժարվել էր ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայո՞ւմ, թե՞ դրա տարածքից դուրս: Նա նշել էր, որ 48 ժամ սպասելու կարիք չկա: «Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձ»,- ասել էր լեզվաբանը: