Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմաբազա. Մերկելը զայրացած է

Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմաբազա. Մերկելը զայրացած է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացնող» է որակել պաշտոնական Անկարայի նոր որոշումը, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: Կանցլերը հայտարարել է, որ Թուրքիայի հետ քաղաքական առևտուր անելու մասին խոսք գնալ չի կարող: Նա ընդգծել է, որ չի կարելի այցելության հարցը խառնել այլ թեմաների հետ: Մերկելը բացառել է զիջումների գնալու հավանականությունը՝ հանուն գերմանացի պատգամավորների՝ Քոնյայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու իրավունքի: «Անկարայից նման պահանջներ դեռևս չեն ստացվել, սակայն լինելու պարագայում էլ կտրականապես մերժվելու են»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ չեն պատրաստվում նախապայմաններ ընդունել թուրքական կողմից: Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները պատրաստվում էին հուլիսի 17-ին այցելել Քոնյայում ծառայող գերմանացի զինվորներին, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից զանգահարել և հայտնել են, որ այդ այցը չեղյալ է համարվել: Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը նշել է, որ ամենայն հավանականությամբ պաշտոնական Անկարայի նման որոշումը պայմանավորված է թուրք-գերմանական հարաբերություններում առկա վերջին լարվածությամբ: Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանությունները, ավելի վաղ արգելելով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի թուրքական ռազմաբազայում ծառայող զինվորներին, նշել էին, որ փոխարենը պատգամավորները կարող են գնալ Քոնյայի ռազմաբազա: «Ինջիրլիքը թուրքական ռազմաբազա է, իսկ Քոնյայի ռազմաբազան ՆԱՏՕ-ինն է»,- ասել էր փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: