Ո՞վ Հայաստանում կհնչեցնի ռուսական կայսրության «վերջին զանգը»

Ո՞վ Հայաստանում կհնչեցնի ռուսական կայսրության «վերջին զանգը»

Ինչքան էլ հայ-ռուսական հարաբերություններն այսօր ճգնաժամային են՝ քիչ հավանական է, որ Հայաստանի գործող իշխանությունը նախաձեռնի քայլեր ռուսական գաղութացման դեմն առնելու համար: Ռուսաստանից նոր ռազմական վարկ վերցնելու նախաձեռնությունն արդեն իսկ հուշում է, որ իշխանությունները նույնիսկ ավելացնում են այն գործիքները, որոնց միջոցով Մոսկվան կաշկանդում է Երևանին: Սկզբունքային հարցերում Հայաստանի իշխանությունը չի հակադրվելու Ռուսաստանին, և խնդիրը միայն համարձակության պակասը չէ, այլ հիմնականում արժեհամակարգային ընդհանրությունը, որը կապում է Ռուսաստանի և Հայաստանի, այսպես կոչված, էլիտաներին: Եթե Հայաստանի իշխանությունը թոթափի ռուսական կայսերականության քաղաքական և գաղափարական ժառանգությունը, ապա «բացելու» է համակարգը, այն համապատասխանեցնելու է եվրոպական կամ արևմտյան չափանիշներին, ինչը հավասարազոր է Սերժ Սարգսյանի քաղաքական ինքնասպանությանը: Երբ Սարգսյանն ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են, նրա մոտ, առաջին հերթին, խոսում է սեփական իշխանության ինքնապաշտպանության բնազդը, որովհետև Հայաստանի նախագահին Մոսկվայից որևէ մեկը չի պարտավորեցնում մոդեռնիզացնել, մրցակցային դարձնել քաղաքական, տնտեսական համակարգերը: Երբ Հայաստանում քաղաքական ուժերը խոսում են իշխանափոխության մասին, սակայն երկրորդ նախադասությամբ ներբողներ են ձոնում Պուտինին, պետք չէ լուրջ ընդունել իշխանություն փոխելու նրանց պահանջները կամ ելույթները: Հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա բնույթը թույլ չի տալիս Հայաստանում կատարել որակական փոփոխություններ՝ անգամ քաղաքական համակարգի կամ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով: Տեսականորեն Հայաստանը կարող է սպասել մինչև Մոսկվայում կգա «պերեստրոյկայի» նոր շրջան, և մենք, որպես ծայրագավառ, կժողովրդավարացվենք կենտրոնի հետ միասին: Սակայն սա ռիսկային տարբերակ է, որովհետև Հայաստանը կարող է մնալ կայսրության փլատակների տակ: Հայաստանի նոր ընդդիմության առաքելությունը ապագաղութացման և ժողովրդավարության փոխկապակցումն է, այդ երկու հարցերը մեկ օրակարգում մեկտեղելը: Այդպիսի ընդդիմությունը միայն կարող է իրական այլընտրանք լինել ու դուրս գալ մեխանիկական իշխանափոխության ձախողված պահանջի շրջանակներից: Խնդիրը Սերժ Սարգսյանի հեռացումը չէ, որովհետև քրեաօլիգարխիան և Մոսկվան նրան կփոխարինեն մի նոր «Սերժ Սարգսյանով»: Խնդիրը նոր Հայաստան ստեղծելն է, որը կլինի ոչ թե ռուսական կայսրության ծայրագավառ, այլ քաղաքակիրթ աշխարհի մաս: Այդպիսի Հայաստանում նույնիսկ անիմաստ կլինի Սերժ Սարգսյանի կամ նրա ժառանգորդի հարց քննարկելը: Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է իրականացնել այն ընդդիմությունը, որը կհնչեցնի ռուսական կայսրության «վերջին զանգը»՝ հասարակությանը կոնսոլիդացնելով այդ գաղափարի շուրջը: