Ամերիկյան առաջարկից հետո, Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, հայտնվել է թակարդում

Ամերիկյան առաջարկից հետո, Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, հայտնվել է թակարդում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: -Պարոն Ենոքյան, անցյալ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերության թեմայով, նշել, որ մեզ դեռևս չի բավարարում հայամերիկյան այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա: Ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը հիշեց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: -Վերականգնվող էներգետիկայի բնագավառում խոշորագույն ներդրումների ամերիկյան առաջարկն այնպիսին էր, որից ոչ մի խելամիտ երկիր չէր կարող հրաժարվել, սակայն Սերժ Սարգսյանը չի կարողանում տալ իր համաձայնությունը։ Նա, բառիս բուն իմաստով, հայտնվել է թակարդում։ Այս իրավիճակում նա պարզապես ջանքեր է գործադրում ցույց տալու, թե հայ-ամերիկյան հարաբերություններում ինքը ինչ-որ հեռանկարներ է տեսնում, որ Հայաստանը ցանկություն ունի այդ հարաբերությունները զարգացնելու և այլն։ Իրականում 8 միլիարդ դոլարի ներդրումների առաջարկին չարձագանքելը ամբողջովին բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը և Ռուսաստանից այնքան խիստ կախվածությունը, որ անգամ շատ փոքր ինքնուրույնություն չի թույլատրվում Հայաստանին։ -Ի դեպ, Սերժ Սարգսյանը այդպես էլ չհիշատակեց՝ շաբաթներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին է, որ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի գործակցության ներդրումային ներուժ կա: Ըստ Ձեզ, ինչո՞ւ: -Սերժ Սարգսյանը չի կարողանում Ռուսաստանից թույլտվություն ստանալ այս ծրագիրն իրագործելու համար, որովհետև դրա իրագործումը նշանակում է ազատագրվել ռուսական էներգետիկ մենաշնորհից՝ կլինի գազի մատակարարման, էլեկտրաէներգիայի արտադրության, թե դրա բաշխման ոլորտում։ Ընդ որում, այս մենաշնորհը Ռուսաստանի համար էական տնտեսական նշանակություն չունի, քանի որ գազամուղը տարացիկ չէ և սնում է միայն Հայաստանին, իսկ մեր երկրից ստացված «Գազպրոմ»‑ի շահույթները պարզապես փշրանքն են նրա հզորագույն ֆինանսա-տնտեսական բուրգում։ Ավելին, այս գազային կապանքից ազատվելը Հայաստանին չի կարող դնել ռուսական ազդեցության ոլորտից դուրս, քանի որ Հայաստանը, միևնույն է, մնում է ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ, Հայստանում տեղադրված է խոշորագույն ռուսական զորախումբ, Ռուսաստանն է մեր զենքերի հիմնական մատակարարը, Ռուսաստանն է մեր հիմնական շուկան, և այլն։ Սակայն այս ամենով հանդերձ Մոսկվան Հայաստանին զրկում է զարգացման անգամ ամենափոքր հնարավորությունից։ -Արդյո՞ք սա կարող է պայմանավորված լինել նախօրեին Տավուշի մարզ կատարած «ռազմականացված» այցից անմիջապես հետո, որն էլ իր հերթին հաջորդել էր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: -Անմիջական կապ չեմ տեսնում, որովհետև, անկախ ամեն ինչից, Միացյալ Նահագները կատարում է Մինսկի խմբում մեզ համար իր դրական դերը, որը բխում է առաջին հերթին իր շահերից, և հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցությունները հազիվ թե դրա վրա ազդեցություն ունենան։ -Հնարավո՞ր է արդյոք տողատակում ինչ-որ ակնարկներ կան Ռուսաստանին: -Ռուսաստանին ինչ-որ ակնարկներ անելու հնարավորություն Հայաստանը չունի, քանի որ այնքան է դարձել նրա հլու կամակատարը, որ անգամ Ռուսաստանը Հայաստանում լեզվի օրենք է թելադրում։ -Որքանո՞վ այս փուլում հնարավոր կլինի զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունները: -Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեծ հնարավորություններ չկան։ Կարծում եմ՝ Հայաստանն այս հարաբերություններում ամբողջովին զրկված է նախաձեռնողականությունից, իսկ ամերիկյան առաջարկների համար միշտ թույլտվություն է հայցում Մոսկվայից։