Եթե 20 տարի էլ ԼՂ խնդիրը լուծում չստանա, ապա չի լինի զիջումների միջոցով իրավիճակի թեթևացման գնալու ցանկություն. Սերժ Սարգսյան

Եթե 20 տարի էլ ԼՂ խնդիրը լուծում չստանա, ապա չի լինի զիջումների միջոցով իրավիճակի թեթևացման գնալու ցանկություն. Սերժ Սարգսյան

«Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես չեմ համարում, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ նոր փուլ են մեր հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում վաղուց է հաստատվել, ցավոք սրտի, և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որ, կողմերի շնորհիվ, այսպես ասեմ, կողմերի լրատվամիջոցների շնորհիվ նաև ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ այդ միջադեպերի ընթացքում մարդկային զոհեր են լինում և հուլիսի 4-ի իրադարձություններն, իմ կարծիքով, դրանով էին պայմանավորված»,-նշեց Սարգսյանը: Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ Նախագահն ասաց. «Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմում վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասաց ՀՀ նախագահը։ Նախագահը չի կիսում կարծիքը, որ Մինսկի խումը կամ միջազգային այդ կառույցները հավասարության նշան են դնում։ «Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո նաև դրան կանդրադառնամ, բայց իրենք ինչպես պետք է վարվեն ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ Դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ «Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում հրադադարը»։