Սա ահաբեկիչների իշխանություն է, որն ահաբեկում է ժողովրդին. Եղիշե Պետրոսյան

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունն այժմ զբաղված է հասարակությանը համախմբելու, իր շարքերը համալրելու աշխատանքներով, ինչը շատ դժվար է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանը։ Դիտարկմանը, որ նախաձեռնությունը պասիվ է, գրեթե ոչ մի քայլ չի ձեռնարկում, թեև իր հիմնադիր ժողովի ժամանակ ներկա էին և ելույթ ունեցան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Մենք «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցություններին համարում ենք մեր համակիրներ, որովհետև նրանք առաջին իսկ պահից իրենց պատրաստակամությունն են հայտնել օգտակար լինելու մեր նախաձեռնություններին, օգնելու նաև կազմակերպչական հարցերում։ Շատ մտավորական համակիրներ ունենք։ Այնպես չի, որ ձեռքներս ծալած նստած ենք, մենք անընդհատ աշխատանք ենք տանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի հայ համայնքների հետ, կաթիլ-կաթիլ աշխատանք տարվում է։ Նաև աշխատանք ենք տանում այստեղի տնտեսագետների հետ, որպեսզի «Հայք» ծրագիրը կյանքի կոչենք։ Դա «Հոգևոր Հայաստանին» միս ու արյուն տվող, ավելի առարկայական մասն է։ Ուղիղ կապի միջոցով շփումներ ունենք ԱՄՆ-ի գործարարների, մտավոր աշխարհի մարդկանց հետ»։ Նրա խոսքերով՝ հիմա հասարակությանը համախմբելու, իրենց շարքերը համալրելու աշխատանքներով ենք զբաղված. «Աշխատանքը դժվար է առաջ գնում, որովհետև այնպես է ջախջախված ու մասնատված մեր մտավորականությունը, մեր ժողովուրդը, որ շատ դժվար է այդ մասերը հավաքել։ Բայց սա կարևոր աշխատանք է, որը կանգնած է հայության առջև։ Եթե դա մեզ հաջողվի՝ մենք կլինենք շատ պինդ երկիր և խնդիրներ չենք ունենա մեր հարևանների հետ»,- ընդգծեց Եղիշե Պետրոսյանը։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: