«Տարոն Մարգարյանն այս պայմաններում կապրի՞». Տերյան 1, 3 և հարակից շենքերի բնակիչներին խաբել են

Երևանի կենտրոնում հերթական նորակառույցն է վեր խոյանում։ Տերյան 1, Տերյան 3 և հարակից  շենքերի բնակիչները դեմ են իրենց բակում  բազմաբնակարան շենքի կառուցմանը։ Դժգոհում են՝ առանց այն էլ  կենտրոնը խիտ կառուցապատված է, երեխաների համար խաղալու տեղ չկա։ Բացի այդ,  բնակիչներից որևէ մեկը նախապես իրազեկված չի եղել շինարարական աշխատանքների մասին, ավելին՝  սկզբնական փուլում նրանք իմացել են, թե այդտեղ խաղահրապարակ է կառուցվելու, քանի որ քաղաքապետարանից իրենց այդպես են վստահեցրել, թե հատակագծով այդ բակում նախատեսված է կառուցել կանաչապատ այգի, սակայն հետո  են տեղեկացել, որ կանաչ այգու  փոխարեն  այդտեղ  շենք է լինելու։ Բնակիչների պնդմամբ՝ շինարարությունը պետք է դադարեցվի, քանի որ հարևանությամբ կան բազմաթիվ այլ  շենքեր, և չի պահպանվում դրանց  միջև անհրաժեշտ տարածությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք բողոքեցին նաև, որ շինաշխատանքների աղբն ու փոշին վտանգում են իրենց ու իրենց ընտանիքի անդամների առողջությունը։ «Տունս  ամբողջությամբ փոշու մեջ կորում է, էս շոգին չեմ կարողանում պատշգամբ դուրս գալ, լուսամուտ բացել, սաղ փոշին ու ավազը լցվում են ներս։  Ես չեմ ծխում, բայց մենակ դրա պատճառով սկսել ենք ես ու կինս  հազալ, մի՞թե կարելի է այդքան ոտնահարել մարդկանց իրավունքները։ Ահավոր վիճակ է այստեղ, ինչի՞, կողք կողքի էդքան շենքեր բա կարելի՞ է սարքել։ Անգամ չգիտենք, թե ով է  առել այս տարածքը, ասում են, թե ռուսաստանաբնակ մի 25 տարեկան տղա է։ Ստացվում է, որ  այդ երիտասարդն այնքան հայրենասեր է, որ Ռուսաստանից Հայաստան բիզնեսներ է անում՝ անտեսելով  այստեղի բնակիչների իրավունքները»,- ասաց Տերյան 1 շենքի բնակիչներից Աշոտ Մարգարյանը։ Իսկ Տերյան 3 շենքի բնակչուհի Ռիմա Պողոսյանն էլ իր հերթին հավելեց. «Թոռնիկներիս չեմ թողնում, որ բակ իջնեն, խաղան, որովհետև ամբողջը բերել փակել են, ու տեղ չկա երեխաների  համար խաղալու, գնում են ուրիշների հայաթներում են խաղում, տնից հեռու, մեծերի աչքից հեռու, էն էլ այս վտանգավոր քաղաքում։  Մեզ քաղաքապետարանից ասում էին, որ ստեղ պիտի կանաչապատ այգի լինի, երեխաները կկարողանան իջնել բակ, բա հիմա ո՞նց այդ այգին դարձավ շենք»։ Խնդրի կապակցությամբ  բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ու դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դատարան դիմելու պարագայում իրենց խմբակցությունը կանգնած կլինի բնակիչների կողքին և հնարավոր ամեն ձևով կաջակցի։ «Տարոն Մարգարյանն այս պայմաններում կապրի՞, բա սա անելու բա՞ն է»,- հարց է բարձրացնում տիկին Բախշյանը։   Մանրամասները՝ տեսանյութում։