Ինչո՞ւ Նախիջևանում կատարվող գործողությունների համար նոտա չեք հղում ՄԱԿ-ին. Արամ Սարգսյանը դիմում է Նալբանդյանին

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային հանրության կարծիքին ուշադրություն չեն դարձնում և այսօր նախապատրաստվում են լայնամասշտաբ պատերազմի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սարգսյանն ընդգծեց՝ Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈԻ-երը զորավարժություններ են անցկացնում։ Նրա խոսքով՝ այդ երկու պետությունների միջև կա գաղտնի պայմանավորվածություն… «Կատարում են մի ծրագիր, որը մեզ պետք է հուզի։ Թուրքիան կարող է իր զինվորների համազգեստը փոխել ադրբեջանական զինվորների համազգեստով ու որպես այդ պետության զորք մասնակցել։ Ոչ ոք չի հարցնում՝ չէ՞ որ Նախիջևանի ուղղությունը, ըստ Կարսի պայմանագրի, ուղղակի խնամակալություն էր Ադրբեջանի համար։ Հիմա Թուրքիան խախտում է  ադ պայմանագիրը, իրավունք չունի այնտեղ զինավարժություն անելու, ազատ առևտրի գոտի համարելու ու լիրայով առևտուր անելու։ Պարոն Նալբանդյան, արդյոք ժամանակը չէ՞ պաշտոնական նոտա հղելու ՄԱԿ-ին ու միջազգային կառուցներին՝ առ այն, որ Թուրքիան խախտում է պայմանագիրը։ Պետք է քայլեր անել»,- ընդգծեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հիմա Ադրբեջանը կարող  է միտումնավոր մեզ 10-20 կմ հող հանձնել. «Որպեսզի մի վայնասուն բարձրացնեն աշխարհով մեկ, թե տեսեք՝ Հայաստանն ինչ ագրեսոր է, մեր տարածքներն են գրավում։ Եվ դա կարող է պատճառ դառնալ լայնամասշտաբ պատերազմ սկսելու։ Եվ դա պատճառ կդառնա, որ Նախիջևանից, այսպես կոչված, ազերիներն էլ պայքար սկսեն՝ իբր թե իրենց հայրենիքը պաշտպանելու համար»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: