«Բուհն աջուձախ գործազուրկներ է արտադրում․ թողեք հանրային կյանքում մարդիկ իրենց խելքն օգտագործեն»

Կառավարության 2017-2022թթ-ի ծրագրի առաջնահերթություններից մեկը կրթության ոլորտն է։ Մինչդեռ նկատենք, որ ծրագրի այդ հատվածը կրթության ոլորտի փորձագետներին այնքան էլ չի ոգևորում, քանզի նրանց պնդմամբ՝ պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվելիք գումարն աստիճանաբար նվազում է, իսկ այդ դեպքում, հնարավոր չէ իրոք բարեփոխումներ իրականացնել: Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նկատեց, որ մի բան է հայտարարելը, մեկ ուրիշ բան՝ հայտարարված դրույթները կյանքի կոչելը։ «Իմ գնահատմամբ, օրինակ, ամենակարևորը երկրիդ տնտեսությունն է, որովհետև, եթե տնտեսական կյանք չկա, հանրային աշխուժություն չկա, կենդանի մարդ չկա, փող աշխատող մարդ չկա, ապա հանրային կյանքի մյուս ոլորտները կարևորես, չկարևորես, միևնույն է, այդ ամենը բաժակաճառեր են դառնում, որովհետև գլխավորը հենց հանրային կյանքն է, տնտեսական կյանքը, գումար վաստակելը»,- ընդգծեց նա։ Նշենք նաև, որ ընթացիկ տարում կրթությանը հատկացվել է ՀՆԱ-ի 2.3 տոկոսը, 2018-ին նախատեսվում է 2.18 տոկոս, 2019-ին` 1.99, իսկ 2020-ին` 1.85 տոկոս: Պարոն Բլեյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ կարող ենք տրամաբանական համարել մի կողմից կրթությունը որպես առաջնահերթություն սահմանելը, սակայն մյուս կողմից էլ՝ դրա բարեփոխման վրա հատկացվելիք գումարների կրճատումը։ «Ես դրա համար էլ կարևորում եմ տնտեսական կյանքը, իսկ ո՞ւր է, մեր երկիրը փող ո՞ւնի, որ մի հատ էլ մտածենք այն արդար կիսելու մասին։ Իմ կարծիքով՝ Հայաստանի համար խնդիրը զուտ տնտեսական է, այսինքն՝ ինչպես կենդանացնել Հայաստանի տնտեսությունը, ինչպես անել, որ դրան կրթությունն էլ մասնակցի։ Մի հասարակ օրինակ ասեմ՝ 12-ամյա կրթությունը ընդունել են որպես դոգմա, բայց կառավարությունը հենց դա պետք է կասկածի տակ առներ, ասեր՝ որ լավ էն ժամանակ արել ենք, բայց հիմա չի կարելի էդպես անել, այսինքն՝ չի կարելի մարդկանց դատապարտել անգործության՝ գյուղում ապրող երեխային, կրթությամբ այդքան էլ չհետաքրքրվող երեխային, թե չէ դուք հավատո՞ւմ եք, որ 9-րդ դասարանը ավարտածները բոլորն առաջադիմում են։ Երբ ավարտական քննությունների արդյունքներն ես նայում, տեսնում ես, որ բոլորին էլ այդ գնահատականները դրել են, որովհետև հասկանլի է չէ, որ ոչ մեկ էլ չի ուզում աշակերտ կորցնի»,- նշեց կրթահամալիրի տնօրենն ու միևնույն ժամանակ հավելեց․ «Բուհն աջուձախ գործազուրկներ է արտադրում․ թողեք մարդիկ հանրային կյանքում իրենց խելքն օգտագործեն»։   Մանրամասները՝ տեսանյութում։