Ալիևը դարձել է մի մարդ, որ ինչ ուզի, որտեղ ուզի՝ կարող է անել

«Ակտիվ ռազմական գործողությունները ռիսկային են Ադրբեջանի համար, և հիմա այդ երկիրը նման գործողությունների չի դիմի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Ադրբեջանի իշխանության համար սկզբունքորեն կարևոր է, որ կոնֆլիկտը լինի չսառեցված՝ անընդհատ այդ մասին խոսեն։ Դրա համար Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակը լարված լինի։ Դրանով է պայմանավորված այն փաստը, որ Ադրբեջանը չի կատարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ադրբեջանը իրեն ավելի ագրեսիվ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ այդ մեխանիզմները ներդված չեն»,- ասաց Սարգսյանը։ Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցն ընդգծեց. «Չեմ ուզում ոչինչ բացառել, որովհետև մենք, ի դեմս Ադրբեջանի նախագահի, գործ ունենք մի մարդու հետ, որը խնդիրներ ունի՝ թե՛ ներքաղաքական, թե՛ անձնական։ Իր կողմից կնոջը փոխնախագահի պաշտոնում նշանակելը որոշակի մեսիջ էր՝ հասկանլաու իր մտավախությունները, քաղաքական  ապագան»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։ Ըստ Սարգսյանի՝ արտաքին աշխարհի ճնշումն Ադրբեջանի վրա չի ազդում: «Ալիևը դարձել է մի մարդ, որ ինչ ուզի, որտեղ ուզի՝ կարող է անել։ Մեծ հաշվով, նա օրինակ է վերցնում իր ավագ եղբայր Էրդողանից»,- ասաց նա։