Ռուսաստանում 10 հազար ռուբլով տուգանում են հայկական վարորդական իրավունք ունեցողներին. ՀԺ

Ռուսաստանում 10 հազար ռուբլով տուգանում են հայկական վարորդական իրավունք ունեցողներին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով: Armtimes.com-ը ավելի վաղ գրել էր, որ ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են, քանի որ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է ընդունված օրենքի հիման վրա, քանի որ ՀՀ վարորդական իրավունքի վկայականներով ՌԴ-ում տաքսի կամ տնտեսական այլ գործունեություն հնարավոր չի իրականացնել: ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում այսօր ասաց, որ գնալով իրենց վիճակն ավելի է ծանրանում, քանի որ ինչպես նախկինում էին խոստացել, մեկ տարի հետաձգումը չի իրականացվում: Նրա պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում իրենց քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: «Իրենք չե՞ն հասկանում, որ եթե մենք այստեղ աշխատում ենք, այդ գումարներն ուղարկում ենք Հայաստան, նույն բանանն ու շաքարավազն են մարդիկ առնում, ու այդ գումարը գնում է իրենց գրպանը»,- վրդովված ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միությունից ավելի շատ աշխատանք է այս օրերին կատարում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մեր խնդրանքն է իշխանություններին, որ իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին մի փոքր մտածեն: ՀՀ ԱԺ-ն դիրքորոշում հայտնի»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը: Նրա խոսքով՝ օրենքը երբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, արտոնություն ստացան նաև Ղրղըզստանի քաղաքացիները, քանի որ նրանց Սահմանադրության մեջ գրված է, որ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է: Մյուս արտոնյալ երկիրը Բելառուսն է, որի տրամադրած վարորդական իրավունքի վկայականների վրա այս օրենքը չի տարածվում:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: