Դավիթ Հարությունյանը հայ վարորդներին ՌԴ տարածքում Պետդումայի որոշումը շրջանցելու ուղի է մատնանշում

«Վարորդական վկայականները իրականում համարվում են ազգային փաստաթղթեր, ավելին՝ այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով. երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական իրավունքի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում և կարող է նաև թույլ չտալ: Ուզում եմ մեկ օրինակ բերել. երբ մեր հայրենակիցները գալիս էին Սիրիայից, նրանց վարորդական փաստաթղթերը չեն գործում Հայաստանում, և ՀՀ կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, թե որքան ժամանակ ունեն նրանք, որպեսզի հանձնեն քննությունները մեր պահանջներով և ստանան մեր վարորդական իրավունքը: Նմանատիպ երևույթ կա աշխարհի բազում երկրներում. դրանից միակ շրջանցման ելքն է ունենալ միջազգային վարորդական իրավունքի վկայական, որը գործում է բոլոր երկրներում և ուղղակի հնարավորություն չի տալիս կատարելու վարձու աշխատանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Պետական դումայի 2017թվականի հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Ի դեպ, փոփոխված դրույթները չեն տարածվում Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ընդունված է որպես պաշտոնական լեզու, երբ տվյալ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացնում են ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն, որն անմիջականորեն կապ ունի տրանսպորտային միջոցների շահագործման հետ։