Հայկ Ալումյանը լքեց նիստը. Դատարանը ցանկանում է Շիրխանյանի համար հանրային պաշտպան ներգրավել

Նորք-Մարաշի «Զինված խմբի» գործով նիստն այսօր սկսվեց 11:15 րոպեին: Սկզբում նիստին չէին ներկայացել 9 փաստաբան, այդ թվում՝ ամբաստանյալ Արման Հայրապետյանի շահերի պաշտպան Հերմինե Միքայելյանը, ով դատարանին դիմում էր գրել, թե առողջական լուրջ խնդիրներ ունի, երկար ժամանակ չի կարող ներկա գտնվել դատական նիստերին, և որպեսզի անորոշ ժամանակով նիստերը չհետաձգվեն, խնդրում էր Արման Հայրապետյանին ապահովել մեկ այլ պաշտպանով: Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի Արման Հայրապետյանը կողմնորոշվի նոր փաստաբան ներգրավելու հարցում: Ընդմիջման ընթացքում դատարան ներկայացան բացակայող փաստաբաններից մի քանիսը, իսկ բացակայողներին ներկա նիստում փոխարինում են նրանց ընկերները: Ամբաստանյալ Արման Հայրապետյանը հայտարարեց, որ խնդրում է իրեն ապահովել հանրային պաշտպանով: Ներկա նիստում նրա շահերը կպաշտպանի նիստին ներկա փաստաբաններից մեկը: Ընդմիջումից հետո նորից սկսվեց նախագահող Բեկթաշյանի և Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի «հակամարտությունը»: Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նիստի ձայնագրառումից այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, որ Վահան Շիրխանյանը դահլիճում է, սակայն նա դահլիճում չէ, և նիստը նրա բացակայությամբ չի կարելի շարունակել: Նախագահողն ասաց, որ Շիրխանյանը 3 ժամով հեռացված է և դահլիճ բերվել չի կարող: Ըստ Հայկ Ալումյանի՝ դատարանը դատական սանկցիայի ժամկետի հաշվարկը կատարում է Քրեական դատավարության օրենսգրքի խախտումով: Ալումյանը պնդեց, որ 3 ժամը պետք է հաշվարկվի առանց ժամկետի կասեցման: Այսինքն՝ վաղուց Շիրխանյանի հեռացման 3 ժամը լրացել է: Նախագահողը պնդեց, որ ամբաստանյալի դատարանից հեռացվելու ժամկետը հաշվարկվում է միայն դատական նիստի ժամանակաով: Վահան Շիրխանյանի հեռացվելուց հետո 3 ժամ դատական նիստ չի կայացել: Մինչև 3 ժամը չլրանա, Շիրխանյանը չի կարող ներկա գտնվել: Հայկ Ալումյանը շարունակեց պնդել, որ առանց Շիրխանյանի դատական նիստ անելով դատարանը կոպտորեն խախտում է նրա իրավունքները: «Վահան Շիրխանյանը ասելիք ունի ցանկացած հարցի վերաբերյալ և պետք է ներկա գտնվի դատական նիստին»,- ասաց Ալումյանը: Նախագահողը դիտողություն արեց Հայկ Ալումյանին. «Դուք ձեր շահերը չեք պաշտպանում, այլ ամբաստանյալի»: Նախագահողը Հայկ Ալումյանին ասաց նաև. «Ձեր նպատակը ո՞րն է, դատական նիստերը ընդմիջե՞լը»: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես այն համոզմունքն ունեմ, որ դատարանն է ձգձգում: 6 ամիս ձգեց Շիրխանյանին դատարան բերելու հարցը, հիմա էլ հեշտությամբ ուզում են բերել ու գրկած բերում են: Դատարանը շատ լավ գիտի, որ Շիրխանյանը չի կարող ոտքի կանգնել: Դա պարզ երևում է նրա էպիկրիզից, բայց դատարանը նրա ոտքի չկանգնելը մեկնաբանում է որպես անհարգալից վերաբերմունք... Անցած նիստը ձախողեցիք, հիմա էլ տպավորություն եք ստեղծում, որ Շիրխանյանի բացակայությունը խոչընդոտ չէ... Շիրխանյանի բացակայությամբ ես այստեղ չեմ գտնվի»: Նախագահողն ասաց. «Ձեր իրավունքն է»: Հայկ Ալումյանը դատարանին շնորհակալություն հայտնեց իր իրավունքները հիշեցնելու համար և առանց դատարանի թույլտվության հեռացավ նիստերի դահլիճից: Նախագահողը հայտարարեց, որ դատական նիստը 2 ժամով հետաձգում է Վահան Շիրխանյանի համար հանրային պաշտպան ապահովելու համար: Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց. «Ես չեմ ուզում դատավորին կամ դատարանին վիրավորել, բայց թույլ չեմ տա, որ իմ պաշտպանյալի իրավունքների հաշվին կատարվի ինչ-որ բան: Դատարանը հաստատ գիտի, որ հանրային պաշտպան Շիրխանյանի համար չի կարող ներգրավել: Շիրխանյանը անվճարունակ չէ, և նա հայտարարել է, որ հանրային պաշտպան չի ուզում: Սա ներկայացում է: Հանրային պաշտպանը գալու է, Շիրխանյանին երևի բարձրացնելու են դահլիճ, և կանխատեսելի է, որ Շիրխանյանը կհրաժարվի Հանրային պաշտպանից: Հանրային պաշտպանը իրավունք չունի նման իրավիճակում ներգրավվելու որպես Շիրխանյանի շահերի պաշտպան: Ես չեմ կասկածում հանրային պաշտպանների պրոֆեսիոնալիզմին»: Դատական նիստը կշարունակվի 14:15-ին:   Լուսանկարը՝  168.am-ի