Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով. Պյոտր Սվիտալսկի

Հետխորհրդային երկրների շարքում քաղաքացիական հասարակությունը Հայաստանի այցեքարտն է և հպարտության առարկան, այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Բացման խոսքում ԵՄ դեսպանը նշեց, որ սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրորդ ծրագիրն է: «Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է, դա ուժեղ ներուժ է: «Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում, և փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է»,- ասաց դեսպանը և նշեց, որ ՀԿ-ների վերաբերյալ նոր օրենքը ստեղծարար, ինչպես նաև ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորություններ է բացում նրանց համար: «Երկխոսությունն այս ծրագրի կենտրոնում է և կարևոր է: Երկխոսությունը հեշտ բան չէ․... Որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասաց նա։ «ԵՄ-ն հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակությանը, առկա են մի շարք առաջնահերթություններ»,-ասաց նա: Թվարկելով դրանք՝ ԵՄ դեսպանն առաջինը համարեց փոքր ՀԿ-ները, երկրորդը՝ մարզերը և նշեց, որ ցանկանում են հասնել քաղաքացիական ակտիվությանը նաև մարզերում: Որպես երրորդ գաղափար նա նշեց սոցիալական ձեռնարկատիրությունը։ «Հայաստանն իր կրթված երիտասարդների ներուժով շատ բան կշահի եթե ավելի շատ ներդրումներ կատարվեն երիտասարդների շրջանում, կարելի է ասել երիտասարդներն այն շերտն են, որի ներուժը դեռ լիարժեքորեն չի օգտագործվել»,- ասաց նա:   Լուսանկարը՝  Photolure-ի