WhatsApp-ն ու Twitter-ը տվյալների պաշտպանությամբ վատագույն ընկերությունների շարքում են

WhatsApp-ն ու Twitter-ը տվյալների պաշտպանությամբ վատագույն ընկերությունների շարքում են

Ամերիկյան Electronic Frontier Foundation ոչ կոմերցիոն ընկերության փորձագետները, որոնք մասնագիտացած են թվային դարաշրջանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում, հրապարակել են հերթական ամենամյա հետազոտությունն այն մասին, թե ինչպես են համացանցային ընկերությունները պաշտպանում օգտատերերի տվյալներն իշխանություններից: Զեկույցի տվյալներով՝ ուսումնասիրված 26 խոշոր համացանցային ընկերությունների շրջանում 2016 թվականին իրենց լավագույնս դրսևորել են Uber-ն ու Adobe-ը, մինչդեռ WhatsApp-ն ու Twitter-ն ամենացածր գնահատականներն են ստացել: Հետազոտության հիմքում մի քանի չափանիշ կա՝ թափանցիկություն, ընկերությունների փոխգործակցությունը պետության հետ, երրորդ անձանց անձնական տվյալները փոխանցելու արգելք և այլն։ Յուրաքանչյուր չափանիշին համապատասխանելու համար ընկերությանը «աստղ» է տրվել։ Ընկերությունները հնարավորություն են ունեցել հավաքելու առավելագույնը 5 «աստղ»։ Ամենաշատ միավորներն են ստացել Adobe-ը, Dropbox ամպային ծառայությունը, Lyft տաքսի պատվիրելու ամերիկյան ծառայությունը, Wordpress-ը և Uber-ը, որոնք պահպանում են բոլոր պարամետրերը։ Վատագույնս դրսևորվել են Airbnb-ը, Twitter-ը (3 աստղ), Tumblr-ը և WhatsApp-ը (2 աստղ)։ Facebook-ը, Google-ը, LinkedIn-ը, Microsoft-ը և Apple-ը ստացել են 4-ական «աստղ»։