Էրդողանը քննադատել է Կատարի նկատմամբ արաբական երկրների պահանջները

Էրդողանը քննադատել է Կատարի նկատմամբ արաբական երկրների պահանջները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է հարաբերությունների վերականգնման համար արաբական երկրների պահանջների հարցում Կատարի դիրքորոշմանը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «հարգում և աջակցում է» Կատարի անհամաձայնությունը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի և Բահրեյնի ավելի վաղ ներկայացրած 13 պահանջներին: «Մենք այդ պահանջները համարում ենք միջազգային օրենսդրությանը հակասող: Դա Կատարի ինքնիշխան իրավունքների խախտում է»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ Կատարում թուրքական ռազմաբազան փակելու պահանջը Թուրքիքայի հանդեպ հարգանքի բացակայության դրսևորում է: Ավելի վաղ Քուվեյթը Կատարին էր փոխանցել արաբական երկրների պահանջների ցուցակը՝ հարաբերությունների վերականգնման համար։ Հաղորդվում էր, որ այդ ցուցակում ներառված է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակումը և Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը։ Կատարը նաև պետք է անհապաղ փակի Թուրքիայի ռազմաբազան և դադարեցնի նրա հետ ռազմական համագործակցությունը։ Բացի դրանից՝ Կատարից պահանջվում է փոխհատուցում վճարել, որի չափը չի նշվում։