Պետական բուհերը հեշտ ընդունում են, մասնավոր բուհերը՝ փակվում․ Ինչպես դուրս գալ փակուղուց

Պետական բուհերը հեշտ ընդունում են, մասնավոր բուհերը՝ փակվում․ Ինչպես դուրս գալ փակուղուց

«Պետք է կարողանալ իրավիճակային լուծումներ գտնել, և ճիշտ մարտավարությամբ մասնավոր բուհի դեպքում ճիշտ լուծում տալ։ Օրինակ՝ դա ուսումնական պրոցեսի ճիշտ կազմակերպումն է, բուհի շահառուների խնդիրների ճիշտ կազմակերպումն է, բուհը պետք է կարողանա այնպես անել, որ ուսանողը ինչ տրամադրվածությամբ որ նոր-նոր մտնում է առաջին կուրս, նույն տպավորություններով էլ ավարտի բուհը։ Այսինքն՝ այդ հասարակական պատասխանատվության զգացումը բուհի ղեկավարությունը պիտի ունենա, որ ուսանողին հուսախաբ չանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը՝ խոսելով այսօր մասնավոր բուհերի առջև ծառացած խնդիրների մասին։ Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է, ինչի պատճառով հեշտ է դարձել պետական բուհ ընդունվելը, որի արդյունքում էլ այս տարիների ընթացքում մի շարք մասնավոր բուհեր փակվեցին։ Այս համատեքստում Արթուր Աղաբաբյանը նկատեց, որ բուհական համակարգում սովորելու հետ կապված որոշակի դժվարություններ, իհարկե, առաջացել են և ընդհանուր կրթական համակարգի բազմաթիվ խնդիրներ կան՝ թե՛ ֆինանսական, թե՛ ուսման որակի։ «Համապարփակ մեխանիզմներ են պետք կիրառել այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Իմ առաջարկն այն է, որ տարբեր բուհերի միևնույն մասնագիտության շրջանավարտների համար կազմակերպել մեկ միասնական ավարտական քննություն, այսինքն՝ նրանց համար կազմել հանրապետական ավարտական հանձնաժողով և առավելագույն անաչառ ձևով կազմակերպել քննություն, և քանի որ նույն չափանիշներով և նույն հանձնաժողովի մոտ են շրջանավարտները քննություն հանձնելու, այստեղ կերևա՝ որ բուհից քանի հոգի է մասնակցել, նրանցից քանիսն են ավարտել, և տոկոսային հարաբերակցությամբ բուհի աշխատանքը էապես կերևա։ Իմ այս և նմանատիպ այլ առաջարկներ շատերին դուր չի գալիս, քանի որ լծակները բուհից կարծես տեղափոխվում են պետությանը, բայց կրթական որակի բարձրացման տեսակետից, կարծում եմ՝ շատ արդյունավետ կլինի»,- ասաց համալսարանի ռեկտորը։ Վերջինս անդրադառնալով նաև մասնավոր բուհերի փակման խնդրին՝ ընդգծեց, որ դրանցից մի մասը չի կարողացել դիմանալ մրցակցությանը, մի մասը ունեցել է ֆինանսական և բազմաթիվ այլ խնդիրներ։ Նրա խոսքերով՝ բուհերն իրարից տարբերվում են իրենց իրավակազմակերպական ձևով։ «Նախատեսված կարգով էլ է այդպես, որ պետական բուհերը պետք է հավատարմագրում անցնեն, մասնավոր բուհերի դեպքում, դա կամավոր է, բայց եթե չհավատարմագրվես էլ, բնականաբար, հետ ես մնում այդ ամեն ինչից։ Ուղղակի այս ընդհանուր համատեքստում մեր հասարակությունը լրիվ ինֆորմացված չի, և եթե ժողովուրդը լիարժեք տիրապետի իրավիճակին, ապա շատ մեծ տարբերություն չի դնի պետական և մասնավոր բուհերի միջև»։ Հարցին՝ ստեղծված իրավիճակում մասնավոր բուհերի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, Արթուր Աղաբաբյանը պատասխանեց․ «Դու պետք է խնդիր դնես՝ ես որտեղ եմ հիմա, ուր եմ ուզում գնալ և այդտեղ հասնելու համար ինձ ինչ է պետք, իհարկե՝ մրցունակություն, իսկ այդ մրցունակությունն ապահովելու համար ինչ իրատեսական քայլեր պետք է ձեռնարկես։ Գաղտնիք չէ, որ տարբեր մարդիկ կարող են տարբեր նպատակներ հետապնդել՝ մեկը կարող է նպատակ հետապնդի, որ բիզնեսի տարբերակով է առաջ գնալու, որ գոյություն քարշ տա, ինչքանով որ կարողանալու է, մյուսը մտածում է, որ այս համակարգում իր մարդկային առաքելությունը պետք է կատարի, այսինքն՝ դա կախված է նրանից, թե դու որպես կրթօջա՞խ ես հանդես գալիս, թե՞ բիզնեսի ճանապարհով ես գնում»։ Բանախոսի վստահեցմամբ՝ մասնավոր բուհերը Հայաստանում ապագա ունեն։ «Կան որոշակի քանակի մասնավոր բուհեր, որոնք լուրջ նպատակներ են դրել, բայց նաև ոչ ճիշտ քայլեր են իրականացնում տարբեր տեղերում, որը որ ստվեր է գցում մյուս հատվածների վրա»,- նկատեց նա։ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը դիմորդների թվի կրճատումը պայմանավորում է 12-ամյա կրթությամբ։ Նա հայտնել է, որ այս տարի կա մինչև 10․000 դիմորդ՝ կենտրոնացված և մոտ 2․000 դիմորդ ոչ կենտրոնացված համակարգով, իսկ մյուս տարի, ըստ նախարարի, դիմորդներն ավելի քիչ են լինելու։ «Բուհերի համար շատ դժվար շրջան է լինելու, և այդ հաստատությունները պետք է ելքեր գտնեն իրենց աշխատակիցների հաստիքները պահելու համար։ Երկու տարի անց դիմորդների թիվը հասնելու է 35.000-ի։ Դիմորդների թվի նվազման շնորհիվ այս տարիների երեխաների բախտը բերելու է, քանի որ սահմանված տեղերն ավելի շատ են ու ավելի հեշտ կլինի ընդունվել»,- մասնավորապես հայտարարել է Լևոն Մկրտչյանը։ Հաշվի առնելով, թե սրա արդյունքում ինչ խնդիրների առջև են կանգնած թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերը՝ ֆինանսական, ուսանողների թվի պակաս, մասնագիտությունների թափուր տեղեր և այլն, արդյո՞ք ճիշտ էր Հայաստանում 12-ամյա կրթություն ներդնելը։ Հարցին ի պատասխան Արթուր Աղաբաբյանը ընդգծեց, որ դա անշրջելի գործընթաց է և դրան Հայաստանը, անպայման, պետք է հասներ։ Այս փաստը նա դրական է գնահատում։ «Դա սկսվել է և անշրջելի պրոցես է, չենք կարող հիմա հետ կանգնել, և նաև խիստ անհրաժեշտ է 12-ամյա կրթությունը և այստեղ պետք է շեշտեմ այն, որ տարբեր երկրների կրթական համակարգերի համադրելիության խնդիր կա։ Պատկերացրեք՝ նախկին ԽՍՀՄ տարիներին, երբ ԽՍՀՄ անդամ պետության աշակերտը տեղափոխվում էր, օրինակ, Գերմանիա կամ մեկ այլ երկիր, չգիտեին նրան որերորդ դասարան նստացնել։ Դրա համար էլ նախաձեռնվեց Բոլոնյան համակարգը, որին միացել է նաև Հայաստանը, որպեսզի, եթե ուսանողը կամ աշակերտն ուսումը կիսատ է թողնում և տեղափոխվում է մեկ ուրիշ երկիր, տվյալ երկրում էլ կարողանա նույն ձևով ուսում ստանա, տեսնեն, թե նա այդ երկրի կրթական որ մակարդակին է համապատասխանում, այդ մակարդակը համադրելի լինի և այդպիսով այդ խնդիրը հեշտ լուծվի։ Ուրիշ բան, որ այդ մեխանիզմները պետք է կատարելագործել, այսինքն՝ մենք խնդիր ունենք ոչ թե 12-ամյա կրթությունը վերացնելու և վերադառնալու նախկին 10-ամյային, այլ խնդիր ունենք 12-ամյա կրթությունը որակյալ վիճակի բերելու»,- եզրափակեց բուհի ռեկտորը։   Լուսանկարը՝  Photolure-ի