«Ժառանգության» մայրամուտը անզուսպ PR-ի ֆոնին

«Ժառանգության» մայրամուտը անզուսպ PR-ի ֆոնին

Վաղը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Այն թերևս ամենատխուրն է կուսակցության պատմության մեջ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը վերջին տասը տարիներին առաջին անգամ համագումարն անցկացնում է՝ զրկված լինելով խորհրդարանական կուսակցության կարգավիճակից և իր վրա կրելով վերջին ընտրությունների ծանր պարտության կնիքը: Նախագահական վերջին ընտրությունների ֆավորիտներից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, գրեթե մնացել է առանց թիմի, սակայն դա այդքան սարսափելի չէր լինի, եթե նա ունենար ապագայի տեսլական: Հենց ռացիոնալ օրակարգի բացակայությունն է «Ժառանգության» և մյուս բոլոր ձախողված կուսակցությունների ինստիտուցիոնալ ճգնաժամի պատճառը: Գործունեության և վարքագծի համարժեքության բացակայությունը Հովհաննիսյանը փորձում է լրացնել կեղծ օրակարգով, PR-ով: Կուսակցությունների խոշորացման նրա թեզը լուրջ չքննարկվեց անգամ ՕՐՕ-ի գործընկերների շրջանակում, որովհետև նույնիսկ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը սեփական խոշորացման փորձից գիտեն, որ միավորումն ինքնանպատակ է և դատապարտված է ձախողման, եթե չունի ռացիոնալ մոտիվներ ու օրակարգ: Մյուսները նույնիսկ հեգնանքով ընդունեցին Րաֆֆու նախաձեռնությունը, որովհետև ակնհայտ է, որ զրո գումարը ցանկացած պարագայում չի կարող դրական թիվ դառնալ: Վաղվա համագումարին և սեփական անձին կարևորություն տալուն էր միտված նաև Հովհաննիսյանի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրությունը, որում մասնավորապես կարդում ենք. «Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հրավերով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպանատուն: Պաշտոնական այցի ընթացքում Միլսը և Հովհաննիսյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու հրատապ գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: Երբ մարդն այնքան կարևորություն է տալիս իր անձին, որ շարքային, սովորական աշխատանքային հանդիպումը ներկայացնում է որպես պաշտոնական այց, ապա նրանից չի կարելի ակնկալել ռացիոնալ խոսք, ադեկվատ քաղաքական վարքագիծ: Քաղաքական գործիչը չի կարողանում հաղթահարել մի փոքրիկ ու համեստ կուսակցության ճգնաժամ, բայց իմիտացնում է, թե գերտերության դեսպանի հետ քննարկել է աշխարհի հարցերը: Հատկապես PR-ի այս անզուսպ դրսևորման ֆոնին վաղվա համագումարը հաստատ դառնալու է «Ժառանգության» մայրամուտը:   Լուսանկարը՝  Photolure-ի