Ռուսաստանի դեսպանի հայտարարությունն օտար պետության միջամտություն չէ՞ր. Կայծ Մինասյան

Ռուսաստանի դեսպանի հայտարարությունն օտար պետության միջամտություն չէ՞ր. Կայծ Մինասյան

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը մեծ սխալ է համարում ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչների վերջին ելույթները Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ՝ վերջինիս հայտնի հայտարարության առնչությամբ: «Կարծում եմ, որ դա շատ մեծ սխալ էր: Նախ, նա այդքան կարևոր բան չասաց, իր խոսքում վիրավորական բան չկար: Երկրորդը, երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը երկու կամ երեք տարի առաջ դատապարտեց, բողոքեց, թե մարդու իրավունքների օտար միությունները, որ գոյություն ունեն Հայաստանում, սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, իրենց գործունեությունը լավը չէ, պետք է նրանց վտարել Հայաստանի հասարակությունից, այդ ժամանակ իշխանությունները չպատասխանեցին: Ուզում եմ հարցնել հանրապետականներին և իշխանություններին՝ արդյոք դա միջամություն չէ՞ր օտար պետության կողմից: Ինչո՞ւ մեկը ոտքի չելավ՝ ասելով, թե դա անընդունելի է, որ օտար պետությունը միջամտի ներքին քաղաքական և հասարակական կյանքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Կայծ Մինասյանը: Հունիսի 15-ին Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովում, հայտարարել էր, որ Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կազմը պիտի փոխվի, և այդ մարմնի մեջ պիտի ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները շատ կոշտ արձագանքեցին դեսպան Սվիտալսկու այս հայտարարությանը՝ ասելով, թե դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին: ԵՄ դեսպանի խոսքերը դարձան հասարակական-քաղաքական լայն քննարկման թեմա՝ առաջացնելով մի քանի օր շարունակ տևած հեռահար բանավեճ մի կողմից դեսպան Սվիտալսկու, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչների միջև: