Գյուղացիները մթերողներին չեն ծեծել, բայց հասկացրել են, որ 400 դրամով մթերում չի իրականացվելու

Գյուղացիները մթերողներին չեն ծեծել, բայց հասկացրել են, որ 400 դրամով մթերում չի իրականացվելու

Ծիրանի մթերման գործընթացը բնավ էլ հարթ չի ընթանում, հակառակ պատկան մարմինների հավաստիացումների: Այսօր Արարատի մարզի մի քանի համայնքներում միջադեպեր են գրանցվել մթերողների ու  գյուղացիների միջև: Գյուղացիների խոսքերով՝ մթերողները չնախատեսվածից էժան գին են առաջարկում ծիրանի համար, որն այս սեզոնի համար աննախադեպ է: «Էսպես ոնց կլինի, մեքենան մտցրել է այգիս, ասում է՝ 400-500 դրամով տուր: Բայց ես ոնց ընտիր բերքս էդ գնով քցեմ ջուրը: Շուկայում գնում էս, տեսնում՝ էդ ընտիր ծիրանը 1500-ից պակաս չկա: Մեզ հիմարի տեղ են դրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները: Նրանց խոսքերով՝ անցած տարի այսպես չէր: Հենց առաջին՝ ընտիր բերքը իրենք միշտ բարձր գնով են հանձնել և գոհ են մնացել: «Սաղ տարին չարչարվում ենք էս բերքի համար: Սաղ տարին Աստծո հետ կռիվ ենք տալիս, որ կարկուտ չգա, եղանակը չփչանա, որ էս օրվա օրով մի երկու կոպեկ աշխատենք, ոչ թե մեր բերքը թափենք ջուրը»,- հավելեցին գյուղացիները: Ի դեպ, այսօր մամուլը գրել էր, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները փակել են գյուղից դուրս եկող ճանապարհները և թույլ չեն տալիս, որպեսզի ծիրանով բեռնված բեռնատարները դուրս գան գյուղից, քանի որ ծիրան արտահանող գործարարները խաբել են գյուղացիներին ու այսօր կտրուկ իջեցրել են ծիրանի մթերման գինը՝ այն դարձնելով 400 դրամ 1 կգ-ի դիմաց: Գյուղացիները պահանջում են, որ գործարարները ծիրանը մթերեն նախօրոք պայմանավորված գնով: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի: Ջրաշեն գյուղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վիճաբանություն չի եղել: Դա չափազանցված է: «Ոչ մի վիճաբանություն, առավել ևս ծեծկռտուք չի եղել: Առավոտյան մի քանի գյուղացի հավաքվել են իրար գլխի, բայց հետո համաձայնության են եկել: Հիմա մթերման գործընթացը նորմալ ընթանում է, մեքենաները կանգնած են, բերքահավաք է կատարվում»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ ներկայումս կիլոգրամը 500-600 դրամով մթերում է իրականացվում:   Լուսանկարը՝  shamshyan.com-ի