Հայաստանի կոռուպցիայի վարկային «մտածողությունը»

Հայաստանի կոռուպցիայի վարկային «մտածողությունը»

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) որոշել է հատկացնել Հայաստանին 21.6 մլն դոլարի հերթական վարկը: Այս մասին ժամեր առաջ հաղորդել է ԱՄՀ մամլո ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում: Վարկային ռեսուրսներն անհրաժեշտություն են թերևս զարգացող բոլոր երկրների համար, որոնց մի մասը արդյունավետ գործող ենթակառուցվածքներ է ստեղծել ու տնտեսության զարգացման հիմքեր է դրել հենց վարկերի շնորհիվ: Հայաստանի պարագայում գործել է միանգամայն այլ տրամաբանություն, որի հետևանքով վարկերը շատ հաճախ բացասական հետևանք են ունեցել: Մեր երկրում հաստատվել է քրեաօլիգարխիկ ու կոռումպացված համակարգ, և չկա որևէ երաշխիք, որ ստացված վարկերն օգտագործվում են նպատակային: Հակառակը՝ հիմնավոր են թվում կասկածները, պնդումները, որ վարկերը դարձել են Հայաստանի կոռուպցիոն սխեմաների կարևոր բաղկացուցիչը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է վեց միլիարդ դոլարի սահմանագիծը, իսկ հասարակությունն ապրում է համատարած աղքատության մեջ, տնտեսությունը զուրկ է զարգացման որևէ ռեսուրսից: Սակայն կա շատ ավելի խորքային, վտանգավոր մտայնություն, Հայաստանի վերնախավում ամրապնդված «ճշմարտություն», որը պարզապես խորտակում է երկրի զարգացման հեռանկարը: Դա վարկերի ստացման գայթակղությունն է և ներդրումային միջավայր ստեղծելու չկամությունը: Այս իրավիճակում օտարերկրյա վարկերը կենսունակություն են հաղորդում քրեաօլիգարխիկ համակարգին, նրան ապահովում են «նոր շնչառությամբ»: Քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի ամրապնդումն, իր հերթին, հանգեցնում է մեր տնտեսության մեջ մոնոպոլ միտումների խորացմանը, մրցակցության բացառմանը, կոռուպցիայի և հովանավորչության արմատավորմանը: Ավելորդ է ասել, որ այս վիճակն իդեալական է իշխանությունների ու աղետաբեր՝ հասարակության համար: Հեշտ վարկերը դարձել են զարգացման ռեսուրս ունեցող ներդրումների թշնամին: Քանի իշխանություններն ունեն «սնուցման» աղբյուր, նրանք չեն մտածելու կոռուպցիայի և մենաշնորհների դեմ իրական պայքար մղելու, ներդրումային միջավայրը բարելավելու մասին, եթե նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի շուրթերից մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հնչում է ութ միլիարդ դոլարի խիստ գրավիչ առաջարկությունը: Նաև սա է Հայաստանի իշխանությունների և մեր երկրում ԵՄ պատվիրակության հարաբերությունների այսօրվա ճգնաժամի խորքային պատճառներից մեկը: Բրյուսելն, ըստ ամենայնի, ամենամեծ դասն է քաղել ապրիլի 2-ի ընտրություններից և այլևս չի ցանկանում մասնակցել Հայաստանի իշխանությունների համակարգային բարեփոխումների իմիտացիային կամ որ նույնն է՝ քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի ամրապնդմանը: