Ռուսաստանի դատախազությունը հրաժարվում է ստուգել Մեդվեդևի հնարավոր կոռուպցիոն գործունեությունը

Ռուսաստանի դատախազությունը հրաժարվում է ստուգել Մեդվեդևի հնարավոր կոռուպցիոն գործունեությունը

Ռուսաստանի դատախազությունը հրաժարվում է ստուգել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հնարավոր կոռուպցիոն գործունեությունը, ինչի առկայության վերաբերյալ պնդումներ է անում Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի նկարահանած «Նա ձեզ համար Դիմոն չէ» հետաքննական ֆիլմը: Կոռուպցիոն փաստերն ուսումնասիրելու առաջարկով Պետդումայի պատգամավոր, կոմկուսի խմբակցության անդամ Վալերի Ռաշկինը դիմել էր գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին ու Դաշնային անվտանգության ծառայությանը: Դատախազությունից պատգամավորին պատասխանել են, թե դա իրենց լիազորությունների սահմաններում չէ: Քննչական կոմիտեն, իր հերթին, պատգամավորի դիմումը վերահասցեագրել էր գլխավոր դատախազությանը, որն էլ անցած մայիսին այն հետ էր ուղարկել Քննչական կոմիտե: Իսկ Դաշնային անվտանգության ծառայությունը պատգամավորին պատասխանել է «ծառայողական օգտագործման համար» մակնշմամբ, ինչն արգելում է հրապարակել փաստաթուղթը: Պատգամավորն ասել է, որ Դմիտրի Մեդվեդևին վերագրվող անշարժ գույքի առկայությունը ստուգելու իր հարցումներին «զրոյից ցածր» պատասխաններ է ստացել: Մեդվեդևն, ավելի վաղ, հակակոռուպցիոն հիմնադրամի ուսումնասիրությունը «հիմարություն և ինչ-որ թղթեր» էր որակել: