Ռուսաստանը սրում է ատամները

Ռուսաստանը սրում է ատամները

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: «Ի միջի այլոց, մենք մեր գործընկերներին և՛ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Բելառուսից, և՛ ԵՄ-ում ասել ենք, որ մենք չէինք ցանկանա, որ հայտնի «Արևելյան գործընկերություն» ծրագիրն օգտագործվեր ներգրավված երկրներին կեղծ ընտրության առաջ կանգնեցնելու համար»,- հայտնել է նա: Հիշեցնենք՝ նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։ Լավրովն այս հարցազրույցում կոնկրետ երկրների անուններ չի նշել, սակայն ակնհայտ սառնությամբ և դիվանագիտական թշնամանքով է խոսել Եվրամիության և հետխորհրդային երկրների եվրոպական հեռանկարի մասին: Իհարկե, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան բավականին առաջ են գնացել Եվրամիության հետ իրենց համագործակցության ծրագրերում`Բրյուսելի հետ ստորագրելով Ասոցացման համաձայնագրեր: Այս երկրները չեն էլ թաքցնում, որ իրենց ռազմավարական նպատակը` ԵՄ-ին լիարժեք անդամությունն է: Բելառուսի ու Ադրբեջանի եվրոպական ձգտումները խիստ մշուշոտ են, և հազիվ թե որևէ կերպ վտանգի տակ դնեն Մոսկվայի շահերը կամ հետաքրքրությունները: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի ակնարկները կարող են վերաբերել Հայաստանին, որն ամիսներ անց` նոյեմբերին, պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել շրջանակային համաձայնագիրը, որի տեքստն արդեն կողմերի միջև նախաստորագրվել է: Արդյո՞ք «հակառուսական նախաձեռնություն» Մոսկվան տեսել է Երևան-Բրյուսել բանակցություններում կամ այն փաստաթղթում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Արդյո՞ք ռուսական կողմի հնարավոր վերապահումները կամ նույնիսկ առարկությունները ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ փոխանցվել են Երևանին: Արդյո՞ք «Արևելյան գործընկերության» մասով ռուսական կողմի վերապահումները կամ ճնշումներն են ազդակ հաղորդել այն հակամարտությանը, որ վերջին շաբաթներին նկատվում է ՀՀ իշխանությունների և ԵՄ Հայաստանի պատվիրակության հարաբերություններում: Ակնհայտորեն լարվածության նոր ալիք է նկատվում Մոսկվայի և Բրյուսելի հարաբերություններում, ինչը կարող է Հայաստանի նոր եվրաուրացման պատճառ դառնալ: