Անբարոյականություն է՝ «Սասնա ծռերին» ու Նաիրի Հունանյանին համեմատելը

Անբարոյականություն է՝ «Սասնա ծռերին» ու Նաիրի Հունանյանին համեմատելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ -Պարոն Մանուչարյան, դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց. «Զենք վերցրեք ու ֆիզիկապես ոչնչացրեք Սերժին ու իր բանդային»,- ասաց Ավետիսյանը։ Ձեր կարծիքով՝ Հայաստանում զինված ապստամբությունն արդյունավետ պայքարի մեթոդ կարո՞ղ է լինել։ -Բանն այն է, որ Հայաստանը կազմված է բանդաներից՝ այդ իմաստով Վարուժանը ճիշտ է։ Կա իշխող բանդա, մրցակից, հարակից բանդաներ, որոնք որոշակի հարաբերությունների մեջ են մտնում։ Առյուծի բաժինն այսօր փախցնում է իշխող բանդան, հետո՝ հարակից, այնուհետև մրցակից բանդաները։ Բայց այն հարցադրումը՝ ազատվենք այս մի բանդայից, գա մրցակից բանդան՝ սխալ է, պետք է մտածել, թե ինչպես անենք, որ ազատվենք բանդաներից առհասարակ։ Ասում են՝ ժողովուրդն ազնիվ է, թող ժողովուրդը գա, բայց ժողովրդին էլ են բանդիտիզմի մեջ խառնում, և շատերն ուզում են պարզապես իրենք զբաղեցնել բանդայի տեղը՝ իրենց որդին լինի դատախազությունում, հարկային տեսչությունում և այլ ոլորտներում։ Հիմա հարց է ծագում՝ որքանո՞վ է ճիշտ կոչը՝ այսինչ կամ այնինչ բանդայի դեմ բարձրանալ, ավելի ճիշտ կլինի այնպես անել, որ մարդու հոգու մեջ ոչնչացնենք այդ բանդիտիզմը։ Գուցե կան հոգով ազնիվ մարդիկ, որոնք կարող են սկզբից գրավել իշխանության լծակները, հետո մյուսներին օգնեն ազատվել բանդիտիզմից՝ բայց այսօր ես չեմ տեսնում այդպիսի խումբ։ Անգամ եթե իրենք կան՝ նրանց շրջանակը մեծ չէ, հետևաբար, նա մեծ դիմադրությունների է հանդիպելու։ Սովետական Միությունում խնդիրը մի մասով լուծված էր՝ կային մեծ թվով գաղափարական մարդիկ․իրենք համարում էին, որ ամեն ինչի չարիքը մասնավոր սեփականությունն է, իրենք չէին ասում՝ Նիկոլայ Երկրորդ արքան է կամ այսինչ այնինչ բանդիտը՝ ասում էին մասնավոր սեփականությունը։ Իսկ ո՞րն է այսօրվա մասնավոր սեփականությունը... ապստամբությունը դրա դեմ պետք է լինի՝ եթե դու դա չես սպանում, դա անընդհատ մարդուն բանդիտի է վերածում։ Անգամ եթե մենք լինենք նույն վիճակում, որ Լենինն էր, երբ տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխություն, նա ուներ համախոհների բանակ, բայց նորից դիմադրությունը հսկայական էր։ Իսկ մենք այսօր չունենք այդ բանակն առհասարակ։ Վարուժանը չի մատնանշում՝ այսօր ինչը պետք է սպանենք, ես կարող եմ լեգենդի լեզվով ասել՝ ինչ խնդիր կա, իսկ դրա պատասխանը պետք է տրվի։ Երբ մեր ժողովուրդն ընդունում էր Քրիստոնեությունը, ընդունում էր նաև մի դրվագ՝ մարդուն երբեմն մի հիվանդություն է հանդիպում, նա «Ոսկե հորթ» է կառուցում ու սկսում է երկրպագել ոսկուն՝ հռչակելով Աստված։ Հիմա եթե Վարուժանն ասում է ՝ պետք է մարդու հոգում ոսկե հորթին ոչնչացնենք՝ արդյոք դա արվում է զինված ապստամբությամբ։ Սա հարցերի մի շրջանակն է։ Երկրորդ շրջանակը. այսօր Հայաստանն աշխարհից ոչնչով չի տարբերվում։ Եթե աշխարհը լավ դրսևորումներ է ունենում՝ կատարյալը մեզ մոտ է, եթե վատ՝ կատարյալը մեզ մոտ է։ Մենք այսօր կատարյալ խայտառակության մեջ ենք, բայց ամբողջ աշխարհն է այդպիսին, աշխարհն էլ ունի իր Սերժ Սարգսյանն ու բանդաները, որոնք կողոպտում, ջարդում-փշրում են աշխարհը՝ ներառյալ Հայաստանը։ Հիմա ինչպե՞ս անենք, որ ազատվենք այդ աշխարհից։ Այդ աշխարհը եկել է մեզ մոտ՝ բերել «Ամուլսար» և ասում, որ թունավորելու եմ ձեզ, իսկ Սերժ Սարգսյանն էլ ասում է՝ ես դա կկատարեմ։ Վարուժանն ասում է՝ եկեք սպանենք Սերժ Սարգսյանին, ինչքան հասկանում եմ, որ դա կատարի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մեկ ուրիշը, որը էլի «յան» է։ Երրորդ շրջանակը․ինչո՞ւ են այդ տղաները բանտում, չէ՞ որ կարծես թե մարդկայնորեն նրանց խոստացած էր, որ եթե զենքը հանձնեն՝ ուրիշ ձևով կվարվեն։ Այդ խմբերը ի՞նչ պետք է անեին, երկիրն ավիրվում է, բնական է ապստամբության կոչը։ Ես հիմա Վարուժանի հետ բանավիճում եմ՝ ինչպիսի ապստամբություն պետք է լինի, բայց չեմ բանավիճում ապստամբություն որպես գործիք ասվածի դեմ՝ որպես գործիք համաձայն եմ։ Մի այդպիսի հաջողված, հետո կիսահաջողված ապստամբություն տեսել ենք։ Առաջինը 1988 թվականին՝ ոչ մեկի մազին անգամ չի կպել ժողովուրդը, բայց իշխանությունը ենթարկվում էր ժողովրդին, ապստամբ ժողովրդին հնարավոր չէ չենթարկվել։ Հիմա եթե Վարուժանը կոչ աներ այդպիսի ապսմատբության՝ կասեի, իհարկե, միասին ենք անում։ Այդպիսի զրույցներ բազմիցս ունեցել ենք թե՛ Վարուժանի, թե՛ Սէֆիլյանի հետ։ Ես համարում եմ, որ հայությունն ամբողջությամբ պետք է ապսամբություն բարձրացնի այն անհեթեթ աշխարհի դեմ, որը Հայաստանի համար ստեղծել է «Ամուլսար» ծրագիրը։ -Կա նաև այսպիսի տեսակետ, որ ապստամբությունը՝ և հատկապես զինված ապստմբությունը երկիրը դեպի ժողովրդարավություն, զարգացում չի տանում։ Այս կոնտեքստում օրինակ է բերվում նաև Հոկտեմբերի 27-ը, որը վերջերս նույնականացնում են «Սասնա ծռերի» գործողություններին։ -Փառք Աստծո, որ դեպի ժողովրդավարություն չի տանում, որովհետև ժողովրդավարությունն ամենախայտառակ դիսևորումն ունեցավ․մեզ ասում են՝ գիտե՞ք որն է ժողովրդավարությունը՝ ասենք թե խոսքի ազատություն, և մենք տեսնում ենք, որ այդ խոսքի ազատության տակ ինչ ստեր ասես, թե չեն գրվում։ Ասեցին՝ մրցակցայինություն քաղաքականության մեջ․մենք տեսանք, որ դա խաբկանք է, այն կուսակցությունները, որ այսօր մրցակցում են, իրարից ոչնչով չեն տարբերվում։ Սերժ Սարգսյանի կուսակցության մեջ պայքար է գնում, թե կողոպուտի համակարգը ով կղեկավարի և որ երկրին կենթարկվի, որի հովանու ներքո է կատարվելու Հայաստանի կողոպուտը։ Այդ գիծը սկզբում տանում էր ՀՀԿ-ն, հետո որոշեցին, որ հարմար չէ՝ հանձնարարեցին ու հիմա ընդդիմությունն է տանում։ Այսինքն՝ այդ ժողովրդավարության շրջանակներում ընդդիմությունը իշխանությունից չի տարբերվում։ Իմ ավագ ընկերներից մեկն ասել է և ես պարբերաբար կրկնում եմ՝ երրորդ համարի տրամվայը տանում է երրորդ մաս՝ անկախ նրանից, թե ում ես նստեցնում ղեկին։ Այսինքն՝ այդ ժողովրդավարության սիստեմը խաբկանք է։ Ժողովուրդը պետք է իր կամքը ձևավորի, մենք այդ ժողովրդավարությունը 1988-ին հաջողությամբ իրականացրել ենք, 1999-ին էլի կար համախմբում, բայց ավարտվեց նրանով, որ համաշխարհային քսակը գնդակահարեց մեր ժողովրդի ձևավորած իշխանությանը՝ մնաց կիսատ։ Երբ ձեզ ասում են՝ չի տանում ժողովրդավարության, ապա փառք Աստծո, որ այդպիսի ժողովրդավարության չի տանում։ Այդ բանդան ստեղծել է մի իրավիճակ, որ ժողովրդի սիրտը կանգնում է, ու այսպես մեզ սպանդանոց է սպասվում։ Մենք հիմա այն տարածքում ենք, որտեղ կռիվ ու քաոս պետք է լինի։ Իսկ դրան դիմանալու համար մեզ հակառակն է պետք՝ Վարուժանը, Ժիրայրը, Շիրխանյանը պետք է դուրս գան բանտից։ Ո՞վ ստեղծեց այն վիճակը, որ ժողովրդի նվիրյալ զավակները ճար չգտնելով՝ զենքով են գործում։ Եթե ունենայինք իմաստուն մտավորականություն ու եկեղեցի..․ չեմ ասում պետական-քաղաքական գործիչ, որովհետև եթե դուք ինձ հարցնեք՝ ես գիտեմ բարձրագույն պետական ղեկավարության մեջ մի մարդու, որի հարյուր մտքից մեկը նվիրված լինի Հայաստանին՝ ես կասեմ չեմ ճանաչում։ Մեկին ճանաչեի, կասեի՝ եկեք մեկի վրա հիմնվենք, բայց չկա այդ մեկը։ Ավելի մարգինալներում կան այդպիսի մարդիկ, բայց առաջատար դերերում չկան՝ բոլորն արտաքին շահեր են սպասարկում։ Մենք ունենք Հայաստանի մասին մտածող մտավորաններ և եկեղեցականներ, բայց նրանց հզորությունը բավարար չէ՝ այլապես կպահանջեին ու կպարտադրեին, որ նրանք բոլորն ազատ արձակվեին։ Եվ ևս մեկ հարց՝ Հոկտեմբերի 27-ի և «Սասնա ծռերի» մեջ շատ անբարո համեմատություններ են անցկացնում։ Ես ուզում եմ հստակ ասել՝ անբարոյականությունն էլ պետք է սահման ունենա։ -Բայց նույնիսկ «Սասնա ծռերի» աջակիցներն են երբեմն համեմատում։ -Հոկտեմբերի 27-ն ի սկզբանե պլանավորվել է արտաքին ուժերի կողմից, և մարդիկ մտել են հստակ իմանալով՝ ում են գնդակահարելու՝ առաջին դեմքին նկատի ունեմ, գուցե մի մասը տեղյակ չի եղել, բայց առաջին դեմքը հստակ հասկացել է՝ ինչ է անում։ Ի սկզբանե նրա գլխում սպանություն է եղել։ «Սասնա ծռերը» նման միտք չեն ունեցել, այդ տղաները մտել են ՊՊԾ գունդ, որովհետև չարիքը պատել է երկիրը և նրանք ուզեցել են այդ չարիքը կանգնեցնել։ Բայց այդ ճանապարհով խնդրի լուծմանը հնարավոր չէր հասնել, եթե ագամ լիներ ապստամբ ժողովուրդ, գալու էին կանգնեին այդ ժողովրդավարության շեմին։ Ասենք՝ Սերժ Սարգսյանն իր բանդայով փախել է և հայտարարվում է ի՞նչ՝ ընտրություններ, ո՞վ է հաղթելու՝ իհարկե ոչ դուք, Ծառուկյանը կամ Ալեքսանյանը, կամ այս երկրի հետ կապված ծախու կուսակցությունները։ Հետևաբար դա ուղի չէր՝ հայկականությունը, հայության ամբողջականացումը, բարձրագույն ցուցանիշներ են, ի տարբերություն ժողովրդավարության, հայկականությունը տասնյակ հազարավոր տարիների պատմություն ունի և նրա սկզբունքները հավերժ են, պարզապես ամեն սերունդ իր ժամանակի լեզվով է դա առաջ տանում։ Նորից եմ կրկնում՝ հանկարծ զուգահեռ չանցկացնել Հոկտեբերի 27-ի և «Սասնա ծռերի» միջև, նրանք սպանության միտք չեն ունեցել, այն որ ողբերգական դեպք է եղել, մարդիկ են զոհվել՝ ինչ-ինչ հանգամանքներ են եղել։ Ամեն վայրկյան սպասել եմ,որ երկու կողմից կրակոցներ կլինեն և դա ասել եմ հարցազրույցներում՝ նման իրավիճակներում դրսի ուժն օգտագործում է իրավիճակը ճիշտ այնպես, ինչպես որ եղել է Ուկրաինայում, Եգիպտոսում և շատ այլ երկրներում։ Այս տղաներին ուղղված ամենամեծ մեղադրանքը հետևալը կարող է լինել՝ ինչո՞ւ այդքան լուրջ պատկերացումներ չունեն, որ կարողանային գտնել քաղաքական այն ուղղությունը, որ չի կարողանում գտնել քաղաքական գործիչը, մտավորականությունը։ Թող այդ կռիվ անցած տղաները գտնեին ու ճիշտ ձևով գնային։ Իրանց ճիշտը դա էր՝ սրտները պայթում էր, ժողովուրդը ոչնչացվում էր... ամեն օր հազարավոր սպանություններ են լինում։ Մենք ասում ենք՝ երեք ոստիկան մահացավ, բայց քանի երեխա ինքնասպան եղավ, փոխադարձ իրար սպանեցին կազինոյում խաղալու պատճառով՝ այդ կյանքը ո՞վ է ստեղծել, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Նրանք այսօր նստած չեն, «Սասնա ծռերն» են նստած ու այստեղից ասում են՝ նրանք Նաիրի Հունանյանին են նման, բայց Նաիրի Հունանյանի նման Սերժ Սարգսյանն է, որն իր բանդայով ոչնչացնում է բոլոր սրբությունները։ Ինչպես կարելի է՝ Սերժ Սարգսյանին, որը «Ամուլսարի» և հարյուր ու մի ամուլսարների համաձայնություն է տվել, որոնց գործունեությունը բերելուէ տարբեր հիվանդությունների պատճառով երեխաների մահվան մոտակա հարյուրամյակներում՝ համարել օրինական գործիչ։ Իսկ Պավլիկ Մանուկյանին ու մյուսներին, որոնք զենքը ձեռքներին փորձել են կանգնեցնել այդ երեխաների սպանդը, որն այլ ճանապարհով հնարավոր չէ՝ ո՛չ ընտրություններով, ո՛չ դատարանով՝ համարել հանցագործ ու նրանց գործունեությունն էլ՝ ահաբեկչական։ -Ինչո՞ւ հանրությունը, այն մարդիկ, ովքեր բանտարկված չեն այսօր չեն օգտագործում «Սասնա ծռերի», Սէֆիլյանի գործով դատավարություններն ընդվզումներ կազմակերպելու համար։ -Որովհետև բոլորին՝ այդ քաղաքական տրամաբանությամբ առաջնորդվողներին ոչնչացրել են։ Մնացել էր մի Զարուհի Փոստանջյան ՝ազատ խոսացող, այն էլ նրա պատկերացումները քաղաքականության մասին այսօրվա իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն՝ ինչ ձևերով որ նա փորձում է խնդիր լուծել՝ հնարավոր չէ։ Դրանից դուրս ոչ ոք չի մնացել, բոլորը «Ոսկե հորթի» համակարգին պարտված են և ոչինչ անել չեն կարող։ Դրանից դուրս «Հոգևոր Հայաստան», և այդպիսի նախաձեռնությունները շատ են, բայց նրանք այդ քաղաքական տրամաբանությունից դուրս են՝ այդ ճանապարհով չեն գնալու։ Այսինքն՝ ես զինվածը նկատի չունեմ, նրանք պարզապես չեն ուզում մրցակցության մեջ մտնել, որ ազգն իրեն պառակտի ու հոշոտի։ Սա շիզոֆրենիա է, սա անցյալ է, անցյալում էին որպես գայլ գործում, հիմա մենք գայլային վիճակից դուրս ենք եկել, ուրիշ աշխարհի հռչակումը մեզ՝ հայերիս համար բացարձակապես դժվար չէ, դժվար է շվեդի, ամերիկացու համար՝ նա եկող աշխարհի պատկերացումը չունի։ Եթե բացեք «Սասունցի Դավիթը»՝ այնտեղ էպոսի տեսքով ուրիշ աշխարհի շարադրանքը կա, եթե լսեք Կոմիտասին՝ ուրիշ լեզվով այդ աշխարհի շարադրանքը կա, դա հավերժ մեզ հետ տարել ենք։ Ինչո՞ւ եմ ասում հայերը, որովհետև մենք մի առավելություն՝ այն ինչի մասին հիմա խոսում եմ՝ եթե այս տեքստը տաք ամեն երկրորդ հային, նա մեր կանգնած տեղից կշարունակի, Ռուսաստանում կանի ամեն հարյուրերորդը, ԱՄՆ-ում ամեն հազարերորդը։ Իհարկե կարելի է ասել՝ դա ֆանտաստիկա է, ուղեղի մթագնում, և իսկականը «Ոսկե հորթն» է, բայց դա տանում է դեպի անապատ։