«Արաբական Թրամփը»՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ. ինչո՞վ է սա կարևոր Հայաստանի համար

«Արաբական Թրամփը»՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ. ինչո՞վ է սա կարևոր Հայաստանի համար

Արաբական թերակղզու միապետությունների քաղաքական իրադարձությունները վերջին շրջանում սկսել են իրենց ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի քաղաքական դիսկուրսում: Կատարի շուրջ վերջին հայտնի զարգացումներից հետո երկրորդ ուշագրավ թեման այս տարածաշրջանից թերևս կարելի է համարել Սաուդյան Արաբիայի թագավորությունում մի քանի օր առաջ տեղի ունեցած թավշյա հեղաշրջումը: Թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ աս-Սաուդը թագաժառանգ է նշանակել իր 31-ամյա որդուն՝ Մուհամմադ բին Սալմանին: Թագավորական ընտանիքի 34 անդամներից 31-ը կողմ են քվեարկել այս որոշմանը: Նոր թագաժառանգը երկրի պաշտպանության նախարարն է և պահպանել է իր պաշտոնը թագաժառանգի կարգավիճակ ստանալուց հետո: Սպառնալիք Հայաստանի համար Մուհամմադի բին Սալմանի թագաժառանգ դառնալը բավական հետաքրքիր և կարևոր զարգացում է ինչպես սաուդական թագավորության ներքին վիճակի, այնպես էլ Մերձավոր Արևելքի քաղաքականության տեսանկյունից՝ հաշվի առնելով այս միապետության քաղաքական, տնտեսական դերակատարումը տարածաշրջանում և ինչ-որ առումով՝ նույնիսկ համաշխարհային քաղաքականության մեջ: Սրան ավելանում է նաև նոր թագաժառանգի անձի հանգամանքը: Վերլուծաբանները գրում են, որ Սալման թագավորի որդին խիստ հավակնոտ և ռազմատենչ գործիչ է: Ըստ էության, հենց նա է, լինելով պաշտպանության նախարարը, ղեկավարում սաուդացիների ռազմական գործողությունները Եմենում և Սիրիայում: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե հենց այս երիտասարդն է մեծապես ապակայունացրել տարածաշրջանը, խորացրել Սաուդյան Արաբիայի «վահաբիստական համաշխարհային օրակարգը» և «տենչում է կործանարար պատերազմի Հայաստանի անմիջական հարևանի (Իրանի) հետ»: «Անհերքելի է, որ այդ հակամարտությունը, որպես տարածաշրջանային անկայունացման երաշխիք՝ սպառնալիք է նաև Հայաստանի անվտանգությանը»,- կարծիք է հայտնել քաղաքագետը: Թագավորի որդիները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի փորձագետ Լեոնիդ Իսաևը՝ ասելով, որ թագաժառանգին փոխելը վկայում է սաուդացիների քաղաքական վերնախավում տեղի ունեցող տեղաշարժերի մասին: Խոսքը մասնավորապես թագավորական աս-Սաուդ ընտանիքի և այդ ընտանիքի ներսում տարբեր ազդեցիկ թևերի մրցակցության մասին է: Սաուդյան Արաբիայի ներկայիս թագավորը՝ Սալմանը, գահը ժառանգել է 2015-ին իր եղբորից՝ Աբդալլահ թագավորից: Այս երկուսն էլ Սաուդյան Արաբիայի թագավորության հիմնադիր Աբդուլ Ազիզ աս-Սաուդի որդիներն են: Թագավորական դինաստիայի հիմնադիրը կտակել էր իր գահը որդիներին, այսինքն՝ որդիները պիտի հերթականությամբ հաջորդեին իրար թագավորական գահին: Աբդուլ Ազիզի ամենակրտսեր որդին, որը պիտի հաջորդեր Սալմանին, Մուկրինն է: Սալմանը, սակայն, թագավոր դառնալուց ամրիսներ անց ստիպում է կրտսեր եղբորը հրաժարվել թագաժառանգությունից: Նա սկսում է աստիճանաբար ճանապարհ բացել իր որդու՝ Մուհամմադի համար: Թագաժառանգ է դառնում Սալմանի եղբորորդին՝ Մուհամմադ բին Նայիֆը, իսկ Մուհամմադը՝ թագաժառանգի տեղակալ: Իսկ հիմա արդեն Մուհամմադը թագաժառանգն է: «Ինձ թվում է, որ Սալմանը ստիպել է իր եղբորը՝ Աբդուլ Ազիզ թագավորի ամենակրտսեր որդուն, հրաժարվել հավակնություններից արքայական գահի նկատմամբ: Դրանով նա հնարավորություն ստացավ թագաժառանգ նշանակել իր որդուն: Անշուշտ, սա խորհրդանշում է այն փաստը, որ ներկայիս թագավորը փորձում է ամրապնդել իր կլանի դիրքերը սաուդական իշխանության համակարգում: Կարծում եմ, որ սա մարտահրավեր է Սաուդյան Արաբիայի համար: Շատ բան հիմա կախված է այն հանգամանքից, թե որքան կապրի Սալմանը: Նա արդեն ծեր է, առողջական խնդիրներ ունի: Եվ եթե Սալման թագավորը երկար չապրի և շուտ մահանա, ապա իր որդու դիրքերն այնքան էլ ամուր չեն լինի: Եթե թագավորը երկար ապրի, կանի առավելագույնը իր ընտանիքի և որդու դիրքերը ամրապնդելու համար»,- մեկնաբանում է արաբագետ Լեոնիդ Իսաևը: Տարածաշրջանային ազդեցություն Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեր զրուցակիցը կախնատեսում է, որ երբ Սալմանը մահանա, սաուդական իշխող վերնախավի ներսում սկսվելու է պայքար, և հայտնի չէ՝ ինչպիսին կլինի այդ պայքարը, արյունո՞տ, թե՞ անարյուն, և ընդհանրապես Մուհամմադը կկարողանա՞ պահպանել իշխանությունը, թե՞ ոչ: Բայց պարզ է մի բան, որ դա կհանգեցնի քաղաքական էլիտայի վերադասավորմանը և կազդի թե՛ սաուդական թագավորության ներքին կայունության և թե՛ այս երկրի արտաքին քաղաքականության վրա: «Մուհամմադ բին Սալմանը համակարգում է ռազմական գործողությունները Եմենում ու եղել է դրա նախաձեռնողը: Նա Կատարի մեկուսացման ամենամոլի կողմնակիցներից մեկն էր: Ընդհանրապես նա շատ երիտասարդ, հավակնոտ և ոչ այդքան փորձառու գործիչ է: Նա կարծես մերձավորարևելյան Թրամփը լինի, որը անկանխատեսելի է, տուրք է տալիս հույզերին և հակված է ինքնաբուխ, շատ հաճախ չմտածված քայլերի: Մուհամմադ բին Սալմանի իշխանության գալը, իհարկե, կարող է անդրադառնալ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականության վրա, կարող է դառնալ էլ ավելի անկանխատեսելի, գուցե նաև ավելի հավակնոտ, ընդ որում այդ հավակնությունները միշտ չէ, որ հիմնված կլինեն իրական ռեսուրսների ու հնարավորությունների վրա»: Հակահայկական հռետորաբանությունը կպահպանվի Ի՞նչ ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ կարող են ունենալ այս զարգացումները Հայաստանի համար՝ հաշվի առնելով սաուդական թագավորության ոչ բարեկամական վերաբերմունքը Հայաստանին, միջազգային տարբեր հարթակներում, գլխավորապես իսլամական համաժողովներում Ադրբեջանի կամ Թուրքիայի հակահայկական կեցվածքը պաշտպանելու հանգամանքը: Պատասխանելով հարցին՝ Լեոնիդ Իսաևը նշեց, որ դժվար թե այս զարգացումները լուրջ ազդեցություն ունենան Հայաստանի վրա, որովհետև Հայաստանը և Կովկասը, այնուամենայնիվ, չեն մտնում Սաուդյան Արաբիայի հետաքրքրությունների ոլորտի մեջ: «Այո, նա թշնամաբար է վերաբերվում Հայաստանին, բայց այդուհանդերձ Սաուդյան Արաբիան չի դիտարկում Կովկասը՝ որպես իր ազդեցության գոտի: Սաուդյան Արաբիան այսօր առաջին հերթին պայքարում է Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում առաջնորդության համար: Նրանք հիմա բազմաթիվ խնդիրներ ունեն: Սաուդյան Արաբիան մասնակցում է սիրիական հակամարտությանը, Եմենի հակամարտությանը, բացի այդ՝ շարունակվում է կատարյան ճգնաժամը, և այս ամենը շատ մեծ ռեսուրսներ է խլում: Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի ուժերը պարզապես չեն բավարարի Հայաստանով զբաղվելու համար: Այո, ոչ այդքան դրական հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ կպահպանվի, բայց հազիվ թե դա գործնական ազդեցություն ունենա իրավիճակի վրա»,- մեկնաբանեց մասնագետը: