Ինչու և ինչպես Սերժ Սարգսյանը դարձավ անփոխարինելի

Ինչու և ինչպես Սերժ Սարգսյանը դարձավ անփոխարինելի

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության բարդույթով տառապում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև քաղաքական ամբողջ համակարգը, նույնիսկ դրա այն սեգմենտը, որն ընդդիմանում է Սարգսյանին: Մինչև սահմանադրական հանրաքվեն մեր քաղաքական համակարգն ապրում էր այսպես կոչված՝ «երեք նախագահների» մոդելով, երբ Սերժ Սարգսյանին այլընտրանք փնտրողները հայացքներն ակամայից ուղղում էին Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Սա, մեծ հաշվով, մեր քաղաքական համակարգի ավտորիտար մտածողության հետևանք է: Սարգսյանն այդ վիճակի նրբությունը, նաև վտանգավորությունը հասկանում էր. եթե Տեր-Պետրոսյանից առարկայական վտանգ չկար և նրա գործոնն ընդամենն ինդիկատոր էր իշխանության քաղաքական, գաղափարական սնանկությունը բացահայտելու համար, ապա Քոչարյանն ու նրա շրջապատը պարբերաբար արտահայտում էին ռևանշիզմի ձգտում: Սահմանադրական հանրաքվեով Սարգսյանը փաստացի փակեց նախկին երկու նախագահների ճանապարհը, որովհետև, անկախ իրենց ունեցած անձնական խարիզմայից, նրանցից ոչ ոք չունի իրեն հենարան հանդիսացող կենսունակ քաղաքական ուժ, կուսակցություն: «Եռանկյունու» մոդելը վերացավ, սակայն դա ոչ միայն չնպաստեց մրցակցությանը, այլ հիմքեր ձևավորեց անձնիշխանության համար: Իհարկե, դա նախապատրաստվել էր Սարգսյանի տարիների քաղաքականությամբ, սակայն անարդար է միայն նրան մեղադրելը, կամ միայն նրան կարող ենք մեղադրել այն հարցում, որ ներհամակարգային ֆիլտրումների միջոցով իշխանությունը մաքրել է քիչ թե շատ ազդեցիկ գործիչներից` այն վերածելով կատարյալ միջակության: Սակայն մեղքի իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, որն ակնհայտորեն պատրաստ չէ մրցակցությանը`դրանով հանդերձ անայլընտրանք թողնելով Սերժ Սարգսյանին: Օրինակ՝ ինչքանո՞վ էր արդյունավետ կառավարման համակարգի փոփոխության ամբողջ գործընթացն ասոցացնել մեկ մարդու իշխանության թեզի հետ` խորհրդարանական համակարգը հանրային գիտակցության մեջ նույնացնելով Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հետ: Արդյո՞ք դա չէր պատճառը, որ ընդդիմադիր ուժերը պարտության դատապարտվածի բարդույթով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, ու այդպես էլ չգտնվեց մի ուժ, որը ձևակերպեր իշխանափոխության բանաձևը, իհարկե` պսևդոհեղափոխականությունից ու էպոտաժից դուրս: Կամ ինչո՞ւ են քաղաքական ուժերը նոր իշխանության ձևավորման մենաշնորհը հանգիստ զիջել համակարգին, եթե վստահ են, որ վերջինս հանրության հետ կապ չունի և լծելու է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման խնդիրը, իսկ գուցե դրվելու են երկարաժամկետ անձնիշխանության հիմքերը: Ինչո՞ւ ընդդիմությունը չի գտնում այն ռացիոնալ բանաձևը, որի միջոցով կարող է հասարակությանը համախմբել, 2018-ին ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչը հնարավոր կդարձնի ոչ միայն Սերժ Սարգսյանի ծրագրերի չեղարկումը, այլ գուցե իրական դարձնի արտահերթ ընտրությունների անցկացումը` նոր իշխանության ձևավորման օրակարգով: Սրանք միայն հռետորական հարցեր չեն, որովհետև, եթե ձևավորվի Սերժ Սարգսյանի անձնիշխանությունը, պատասխանատու են լինելու բոլորը` թե նրան քծնողները և թե մարդիկ, ովքեր ընդդիմացել են նրան, սակայն չեն կարողացել իրավիճակ փոխել ավելի ռացիոնալ օրակարգով: