«Երկիր Ծիրանի»-ի «տերևաթափությունը»

«Երկիր Ծիրանի»-ի «տերևաթափությունը»

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունից հեռացված անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը մտադիր չեն վայր դնել ավագանու մանդատները: Այն, ինչ կատարվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ` օրինաչափ է ու հատկանշական է, որ դա տեղի ունեցավ հենց այն բանից հետո, երբ խմբակցությունն առաջին անգամ մասնակցեց Երևանի ավագանու նիստին: Այսինքն՝ այս կառույցի առաջին իսկ առերեսումը ինստիտուցիոնալ իրողությունների հետ հանգեցրեց կուսակցության պառակտմանը: Սա իրավիճակի ակնհայտ պատասխանն էր «Երկիր Ծիրանիի» անհամարժեքության այն խնդիրներին, մարտահրավերներին, որ կան երկրում, Երևանում: Օրինակ, ի՞նչ մայրաքաղաքային պլատֆորմի կամ դրանից շեղման մասին է խոսքը, եթե Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը Երևանի քարոզարշավի բուռն օրերին հայրենասիրական զեղումներով էր զբաղված Անիի ավերակների մոտ: Կամ ի՞նչ արժեր կուսակցության հավակնոտ հայտը, եթե դա փշրվելու էր Տարոն Մարգարյանի տան մոտ տեղի ունեցած լյումպենացված ակցիայով: Եթե խնդիրը դիտարկենք ավելի գլոբալ հարթության մեջ, ապա Զարուհի Փոստանջյանը «Ծռության» լայթ դրսևորում «Ժառանգությունից» հեռացավ, որպեսզի ձևավորի «Ծռության» ավելի արմատական պլատֆորմ: Ընդ որում, ուշագրավ է, որ իր գոյության մի քանի ամիսներին «Երկիր Ծիրանին» այդպես էլ չձևակերպեց որևէ խնդիր, որն աղերս ունենար իրական քաղաքականության հետ ու զբաղվեց ռուսաստանցի մի հայ գործարարի գովազդով և գոյություն չունեցող Արևմտյան Հայաստանի խնդիրներով: Պատահական չէ, որ «Երկիր Ծիրանիի» հռետորաբանությունն իշխանություններն օգտագործում են իրական ընդդիմության նիշին հավակնող «Ելք» դաշինքին հարվածելու նպատակով: Եթե ավագանիում ընդամենը հինգ մանդատ ստացած կուսակցությունը գնում է քաղաքապետարանը «գրավելու», ապա «գրոհի» ժամանակ ունենում է նաև «զոհեր»: Այն, ինչ այսօր կատարվում է «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ: Ցանկացած նոր կուսակցություն տեսականորեն կարող է նոր մշակույթ բերել քաղաքականություն, բայց «Երկիր Ծիրանին» գործնականում իր վրա կրեց մեր քաղաքական համակարգին բնորոշ անհամարժեքության բարդույթը, և իրականության ապտակը ստացավ իր գործունեության հենց մեկնարկին:   Լուսանկարը՝ Photolure-ի